Հեղինակավոր իրավապաշտպան Human Rights Watch կազմակերպությունը (HRW) ՄԱԿ-ին է ներկայացրել Վրաստանի վերաբերյալ զեկույց, որում անդրադարձ է կատարվում վերջին տարիներին երկրում ժողովրդավարական իրավիճակի վատթարացմանը։
Հայտարարության համաձայն՝ անցյալ գարնանից ի վեր կառավարության ընդունած մի շարք օրենքներ անհամատեղելի են երկրի պարտավորությունների հետ՝ խոսքի և հավաքների իրավունքների, նաև խտրականության բացառման և հավասարության սկզբունքների առումով։
Նշված է նաև, որ կառավարությունը չափազանցված ձևով միջամտել է խաղաղ հավաքներին և պատշաճ կերպով չի արձագանքել խաղաղ ցուցարարների նկատմամբ ոստիկանության բռնությանը։ Նրանց խոսքով՝ օրենսդրական փոփոխությունների ամբողջ շարքը նպատակ ունի քրեական պատժամիջոցներ կիրառելու այլ կարծիք ունեցող անձանց նկատմամբ։
HRW-ն կոչ է արել «Վրացական երազանք»-ին` չեղյալ հայտարարել «օտարերկրյա գործակալների» և «օտարերկրյա ազդեցության» մասին օրենքները, փոփոխություններ կատարել «Դրամաշնորհների մասին» օրենքում՝ սահմանափակելու նպատակով պետության միջամտությունը ՀԿ-ների գործունեությանը, ապահովել անվտանգ միջավայր մարդու իրավունքների պաշտպանների և քաղաքացիական հասարակության համար, հետևողական լինել, որ քաղաքացիական հասարակության ակտիվիստների և մարդու իրավունքների պաշտպանների վրա հարձակումներն արդյունավետ, մանրակրկիտ և անհապաղ հետաքննվեն, և պատասխանատուները պատասխանատվության ենթարկվեն։
HRW-ն նաև պահանջել է ազատ արձակել անարդարացիորեն կալանավորված բոլոր այն անձանց, որոնք իրացրել են հավաքների ազատության իրենց իրավունքը։
Human Rights Watch-ը քննարկել է նաև լրատվամիջոցների խոսքի ազատության հարցը և մատնանշել մի շարք բռնաճնշողական քայլեր, որոնք «Վրացական երազանք»-ը ձեռնարկել է լրատվամիջոցների գործունեությունը սահմանափակելու նպատակով։