Միխեիլ Կղավելաշվիլին բաց նամակ է հղել Թրամփին

«Վրացական երազանք»-ի խորհրդարանի ընտրած նախագահ Միխեիլ Կղավելաշվիլին բաց նամակ է հղել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ ընդգծելով, թե չնայած Վրաստանի և ԱՄՆ-ի միջև արժեքների լիակատար համընկնմանը, Վաշինգտոնի վարչակազմը բավարար ուշադրություն չի դարձնում Վրաստանին։

Կղավելաշվիլին հիշեցրել է, որ Վրաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից մեկն ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերության վերականգնումն է, որը, նրա խոսքով, խախտել է Բայդենի վարչակազմը։ Նա ափսոսանք է հայտնել, որ Թրամփի վարչակազմը, չնայած դավանած ընդհանուր արժեքներին, դեռևս պատշաճ հետաքրքրություն չի ցուցաբերել Վրաստանի նկատմամբ։

Նամակում Կղավելաշվիլին քննադատել է, այսպես կոչված, «Դիփ Սթեյթ»-ի գործունեությունը, որը փորձում է ապակայունացնել երկիրը տարբեր միջազգային կազմակերպությունների միջոցով։ Նրա խոսքով՝ վրաց ժողովուրդը միավորվել է այդ փորձերի դեմ պայքարում և կանխել է «Դիփ Սթեյթ»-ի կազմակերպած հեղափոխության չորս փորձ։

Ըստ Կղավելաշվիլիի` «Դիփ Սթեյթ»-ը «երկար ժամանակ փորձում էր Վրաստանին պատերազմի մեջ ներքաշել»: Նա մեղադրել է Թրամփի աշխատակազմին Վրաստանի նկատմամբ բավարար ուշադրություն չցուցաբերելու համար:

Կղավելաշվիլին նաև ընդգծել է. «Թրամփի նախագահության օրոք ամերիկյան վարչակազմը հարաբերություններ է հաստատել Վրաստանի բոլոր հարևանների հետ, միջնորդել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմանը, համագործակցել է Թուրքիայի հետ և նույնիսկ վերականգնել է կապերը Վլադիմիր Պուտինի հետ։ Այս ֆոնին Վրաստանի խնդիրների նկատմամբ ուշադրության պակասը զարմացնում է վրաց հասարակությանը»։

Կղավելաշվիլին գրել է. «Մեր ռազմավարական գործընկերությունը դադարեցրել է նախագահ Բայդենի վարչակազմը Ձեր Միացյալ Նահանգների նախագահ ընտրվելուց հետո, Ձեր երդմնակալությունից մի քանի շաբաթ առաջ` որպես մի շարք ինքնիշխան պետությունների նկատմամբ վարած անարդար, կոշտ և ագրեսիվ քաղաքականության մաս»։

Կղավելաշվիլին հույս է հայտնել, որ ԱՄՆ վարչակազմի քաղաքականությունը Վրաստանի նկատմամբ կփոխվի՝ հիմնված արդարության, հոգատարության և ուշադրության վրա:

Վերջում նա ընդգծել է, որ որպես Վրաստանի նախագահ պատրաստ է նպաստել երկկողմ ռազմավարական գործընկերության վերականգնմանը:

Միացյալ Նահանգները դադարեցրեց Վրաստանի հետ իր երկարատև ռազմավարական գործընկերությունը 2024 թվականի նոյեմբերին։

Նախկինում, «Գործակալների մասին օրենքի» և «Վրացական երազանք»-ի ներկայացուցիչների կեղծ մեղադրանքների վրա հիմնված հակաարևմտյան հռետորաբանության պատճառով։ Միացյալ Նահանգները բազմիցս կոչ է արել Վրաստանի կառավարությանը վերադառնալ եվրոպական և եվրատլանտյան ինտեգրման ուղուն։

Պետդեպարտամենտը ռազմավարական գործընկերությունը դադարեցնելու որոշման մասին հայտարարել է 2024 թվականի նոյեմբերի 30-ին, այն բանից հետո, երբ երկու օր առաջ «Վրացական երազանք»-ի կառավարությունը որոշեց մինչև 2028 թվականի վերջը օրակարգից հանել Եվրամիությանն անդամակցելու բանակցությունների մեկնարկի հարցը և դրա պատճառով սկսեց ուժ կիրառել երկրում սկսված բողոքի ցույցերի մասնակիցների նկատմամբ։

Վաշինգտոնը պատժամիջոցներ կիրառեց «Վրացական երազանք»-ի հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի և իշխանության տարբեր ճյուղերի մի շարք ներկայացուցիչների նկատմամբ։

«Վրացական երազանք»-ի կառավարությունը հույս ուներ, որ նախագահ Թրամփը կհրաժարվի Բայդենի վարչակազմի վարած քաղաքականությունից։

2025 թվականի մայիսի 13-ին «Վրացական երազանք»-ի կառավարության ղեկավար Իրակլի Կոբախիձեն բաց նամակով դիմեց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին և փոխնախագահ Ջ.Դ. Վենսին։

Մայիսի 28-ին ԱՄՆ դեսպանատունը հայտարարեց, որ «Վրացական երազանք»-ի պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլին հրաժարվել է հանդիպել դեսպան Ռոբին Դանիգանի հետ, «որտեղ նա պետք է լսեր Թրամփի վարչակազմի ուղերձը»։ Իվանիշվիլին պատասխան նամակում դեսպանատան հայտարարությունն անվանել է «անհասկանալի»։