Amnesty International-ի Պրահայի գրասենյակը Մզիա Ամաղլոբելիին աջակցություն է հայտնել

Չեխիայում բնակվող Վրաստանի քաղաքացիների անդադար բողոքի 44-րդ շաբաթվա ընթացքում ցուցարարներին միացել են Amnesty International-ի Պրահայի գրասենյակի ներկայացուցիչները և մասնակցել են Մզիա Ամաղլոբելիին աջակցող ստորագրահավաքին:

Ըստ «Նեթգազեթի»-ի և «Պուբլիկա»-ի հայտարարության` կազմակերպությունը հայցադիմումով պահանջել է լրագրողի անհապաղ ազատ արձակում, Վրաստանում մարդու իրավունքների լիարժեք պաշտպանություն, արդար դատավարություն, արտահայտվելու և հավաքների ազատության ապահովում, նաև պատասխանատվության հարցի պահանջ այն պաշտոնյաների նկատմամբ, որոնք առնչվում են Մզիա Ամաղլոբելիի և այլ քաղաքական բանտարկյալների ապօրինի ազատազրկմանը։

«Բաթումելեբի» և «Նեթգազեթի» լրատվամիջոցների հիմնադիր Մզիա Ամաղլոբելիին դատավոր Նինո Սախելաշվիլին դատապարտել է երկու տարի ազատազրկման:

Ավելի վաղ` օգոստոսի 6-ին այս խնդրի առնչությամբ Amnesty International-ի պաշտոնական էջում հրապարակվել էր նյութ, որտեղ նշված էր, որ Մզիա Ամաղլոբելին ձերբակալվել է անպարկեշտ վերաբերմունքի և անարդար դատավարության պատճառով։

2025 թվականի հունվարի 11-12-ի գիշերը Մզիա Ամաղլոբելին ապտակել էր Բաթումիի ոստիկանապետ Իրակլի Դղեբուաձեին։ Ոստիկանները, որոնք հարցաքննվել են Մզիայի ձերբակալությունից հետո, ասել են, որ Դղեբուաձեի աջ այտն ու ականջը կարմրել էին։

Հունվարի 11-ին սկսված ցույցի ընթացքում Մզիա Ամաղլոբելին երկու անգամ ձերբակալվել էր։ Առաջին անգամ հունվարի 11-ի գիշերը պատին պաստառ փակցնելու համար։ Երկրորդ անգամ արդեն ձերբակալել են հունվարի 12-ին՝ ազատ արձակումից անմիջապես հետո Աջարիայի ոստիկանության գլխավոր վարչության մերձակայքում։

Հունվարի 13-ին «Բաթումելեբի/Նեթգազեթի»-ն տարածել էր տեսանյութ և տեղեկություն, որ իրենց տնօրեն Մզիա Ամաղլոբելիին Բաթումիի ոստիկանության պետ Իրակլի Դղեբուաձեն հայհոյել է։ Տեսանյութում լսվում է նրա խոսքը։

Հունվարի 15-ին ՎԵԻԱ-ի (Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի) նախագահ Նոնա Քուրդովանիձեն Մզիա Ամաղլոբելիին այցելելուց հետո (Ռուսթավիի բանտում) պատմել է Իրակլի Դղեբուաձեի ցուցաբերած անպարկեշտ վերաբերմունքի մասին։

Քուրդովանիձեն նշել է, որ Դղեբուաձեն թքել է Ամաղլոբելիի դեմքին, նաև իր իսկ հրահանգով որոշ ժամանակ Մզիա Ամաղլոբելիին զրկել են ջուր խմելու և զուգարանից օգտվելու հնարավորությունից։

Դատավորը հաշվի չի առել պաշտպանական կողմի ոչ մի ապացույց։

Մզիա Ամաղլոբելին անարդարության դեմ բողոքել է 38-օրյա հացադուլով։