«Վրացական երազանք»-ի խորհրդարանի ընտրած նախագահ Միխեիլ Կղավելաշվիլիի՝ «Լելո-ուժեղ Վրաստան» դաշինքի առաջնորդներին համաներում շնորհելու որոշման շուրջ կարծիքները միանշանակ չեն: Այսօր՝ սեպտեմբերի 5-ին, պարզ դարձավ, որ համաներվել են կուսակցության առաջնորդներ Մամուկա Խազարաձեն և Բադրի Ջափարիձեն:
Կղավելաշվիլիի հայտարարության մեջ նշված էր. «Չնայած տարբեր հանգամանքներին, նախագահն այս որոշումն ընդունեց, որպեսզի ոչ ոք առիթ չունենա ասելու, թե տեղական ինքնակառավարման ընտրություններն անցկացվում են սահմանափակ մրցունակության պայմաններում»։
Նախագահի որոշմանն ակտիվորեն անդրադարձել են քաղհասարակության ներկայացուցիչները։
Խազարաձեի ու Ջափարիձեի ազատ արձակմանն արձագանքել են ընդիմադիր գործընկերները՝ «Դաշինք փոփոխությունների համար»-ից, «Ազգային միացյալ շարժում»-ից և այլք։ Ընդիմադիրներն ընդգծել ու կոչ են արել «Լելո-ուժեղ Վրաստան»-ի ղեկավարներին` «Վրացական երազանք»-ի խաղի մեջ չմտնել, որը միտված է ընդիմադիր ճակատի էլ ավելի պառակտմանը։
Առաջիններից մեկը Խազարաձեի ու Ջափարիձեի ազատ արձակմանը արձագանքել է նրանց թիմակից Ալեկո Էլիսաշվիլին։ Նա ընդգծել է, որ իր թիմակիցների և՛ բանտարկումը, և՛ ներում շնորհելը քաղաքական քայլ է։
«Ներում շնորհելը սկզբից մինչև վերջ քաղաքական նպատակ ուներ, մտածեցին` իբր վարկաբեկեն մեզ։ Ընտրություններում պետք է ջախջախենք «Վրացական երազանք»-ին, հիմա` ավելի վճռականորեն», — ասել է Ալեկո Էլիսաշվիլին։
Արձագանքել է նաև «Դրոա» քաղաքական ուժի առաջնորդ Էլենե Խոշտարիան. նա կոչ է արել «Լելո-ուժեղ Վրաստանին»` անել քաղաքական քայլ և հրաժարվել ընտրություններին մասնակցությունից։ «Դրոա»-ի առաջնորդը Կղավելաշվիլիի նախաձեռնությամբ Խազարաձեին ու Ջափարիձեին ներում շնորհելը գնահատել է որպես «Վրացական երազանք»-ի կառավարությանը լեգիտիմացնելու փորձ։
«Ցանկանում եմ ամբողջ սրտով և հարգանքով դիմել Մամուկային և Բադրիին․ հենց ազատ արձակման օրն ընդունեք երկրի համար միակ ճիշտ որոշումը` դուրս եկեք սխալ ռուսական հատուկ օպերացիայից և վերադարձեք ընդհանուր, սկզբունքային, չհամագործակցելու, չհաշտվելու և դիմադրության պայքարին», — ասել է Էլենե Խոշտարիան
Ընդիմադիր առաջնորդների ազատ արձակմանը սոցցանցում արձագանքել է նաև Վրաստանի հինգերորդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։
«Մինչ այդ դատարանն էր ամբողջովին վերածվել քաղաքական գործիքի, իսկ հիմա՝ բանտարկումն ու ներման գործընթացը»,- գրել է Սալոմե Զուրաբիշվիլին։
«Սա մարդասիրական քայլ է՝ նախագահի ընդունած որոշում․ ներում շնորհել երկու հանցագործի»,- այսպիսի որակում է տվել Կղավելաշվիլու որոշմանը «Վրացական երազանք»-ի ներկայացուցիչ և գալիք տեղական ինքնակառավարման ընտրություններում Թբիլիսիի քաղաքապետի իշխող ուժի թեկնածու Կախա Կալաձեն։
Բադրի Ջափարիձեն և Մամուկա Խազարաձեն դատապարտվել էին ազատազրկման Թեա Ծուլուկիանիի հանձնաժողովին չներկայանալու պատճառով։ Ռեժիմը «Լելո-ուժեղ Վրաստան»-ի առաջնորդներին հունիսի 23-ին դատապարտել էր 8-ական ամսվա ազատազրկման։ Նրանց նաև 2 տարով արգելվել էր որևէ պաշտոն զբաղեցնել։ Հիշեցնենք, որ այս պահին Վրաստանի բանտերում են գտնվում տասնյակ քաղբանտարկյալներ, նրանց թվում` ընդիմադիր ուժերի առաջնորդներ։ Վերջիններս ազատազրկվել են այն նույն հոդվածով, որով ազատազրկված էին Խազարաձեն ու Ջափարիձեն։