«Ուժեղ Վրաստան-Լելո» և «Գախարիան Վրաստանի համար» կուսակցությունների Թբիլիսիի քաղաքապետի համատեղ թեկնածու Իրակլի Կուպրաձեի խոսքով՝ իրենց գլխավոր խոստումը կլինի Թբիլիսիի դպրոցներում անվճար սննդի ներդրումը։
Ինչպես նշել է Կուպրաձեն, Թբիլիսիի բյուջեից 200 հազար աշակերտի համար կհատկացվի 100 միլիոն լարի։ Նրա խոսքով՝ ուսումնասիրությունների համաձայն մանկական սովը Վրաստանի ամենալուրջ խնդիրներից մեկն է։
«Այսօր` վերջին տարիներին հեղինակավոր միջազգային կազմակերպությունների հրապարակած բոլոր ուսումնասիրությունների համաձայն, մանկական սովը Վրաստանի ամենալուրջ խնդիրներից մեկն է։ Դպրոցներում յուրաքանչյուր երրորդ և չորրորդ երեխան ուսումնական գործընթացի ընթացքում սուր սով է զգում, ինչն ազդում է նրա կարողությունների և զարգացման վրա։ Պետությունը չունի այս հարցի պատասխանը։ Նրանք չի մտահոգում մանկական սովը»,- ասել է նա։
Նշենք, Վրաստանում մի շարք հանրահավաքներ են անցկացվել՝ պահանջելով դպրոցական սննդի ներդրումը: Պահանջին միացել են նաև քաղաքացիական հատվածի և հասարակության այլ ներկայացուցիչներ: Կրթության նախարարությունը դպրոցական անվճար սննդի մեկնարկի հետաձգումը պատճառաբանել է դպրոցներում համապատասխան ենթակառուցվածքների բացակայությամբ: