Վրաստանը միացել է հարևանների նկատմամբ ՌԴ-ի սադրանքները դատապարտող հայտարարությանը

Վրաստանն աջակցել է Էստոնիայի արտաքին գործերի նախարարության հայտարարությանը, որով դատապարտվում է ռուսական կործանիչների ներխուժումը այլ երկրների օդային տարածք: Հայտարարությունը ներկայացվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստում, որը գումարվել է Տալլինի խնդրանքով երկուշաբթի՝ սեպտեմբերի 22-ին:

Վրաստանից բացի, հայտարարությանը միացել են ԵՄ բոլոր 27 անդամ պետությունները, նաև Ալբանիան, Անդորրան, Ավստրալիան, Բոսնիա և Հերցեգովինան, Կանադան, Ֆիջին, Իսլանդիան, Ճապոնիան, Լիխտենշտեյնը, Մոնակոն, Չեռնոգորիան, Նոր Զելանդիան, Հյուսիսային Մակեդոնիան, Կորեայի Հանրապետությունը, Սան Մարինոն, Շվեյցարիան, Թուրքիան, Ուկրաինան, Միացյալ Թագավորությունը և Միացյալ Նահանգները:

Հայտարարության մեջ Ռուսաստանի գործողությունները բնութագրվել են որպես «Էստոնիայի տարածքային ամբողջականության կոպիտ խախտում» և «հարևանների դեմ սադրանքների ավելի լայն շրջանակի մաս»: Հայտարարության հեղինակներն ընդգծել են, որ այդկերպ Մոսկվան «ամբողջ տարածաշրջանը ավելի է մոտեցնում հակամարտությանը, քան երբևէ վերջին տարիներին» և «կոպիտ անհարգալից վերաբերմունք է ցուցաբերել ռուս-ուկրաինական պատերազմը դադարեցնելու և խաղաղությունը վերականգնելու միջազգային հանրության կոլեկտիվ ջանքերի նկատմամբ»: