Հնարավոր ամեն ինչ արվել է ԵՄ թեկնածուի կարգավիճակ չստանալու համար. կարծիքներ

Վրաստանի իշխանություններն արել են ամեն հնարավոր բան, որ Վրաստանը չստանա Եվրամիության թեկնածուի կարգավիճակ, «Ալիք Մեդիա»-ի հետ զրույցում, ամփոփելով Վրաստանի կողմից ԵՄ-ին անդամակցելու դիմումի մեկ տարին, այս կարծիքն են հայտնում վրացի որոշ փորձագետներ:

Վրաստանի վերաինտեգրման հարցերով նախկին նախարար, կոնֆլիկտաբան Պաատա Զաքարեիշվիլին «Ալիք Մեդիա»-ի հետ զրույցում ասաց` ԵՄ-ի թեկնածուի կարգավիճակ ստանալու հնարավորությունն իշխող «Վրացական երազանքը» բաց թողեց այն ժամանակ, երբ հրաժարվեց «Շառլ Միշելի համաձայնագրից»:

Ըստ կոնֆլիկտաբանի՝ Մոլդովան և Ուկրաինան ոչ մի քայլ չէին արել ԵՄ թեկնածություն ստանալու համար, բայց խոստանում էին անել հնարավոր ամեն բան, և արդյունքում ստացան ԵՄ թեկնածություն, իսկ Վրաստանը՝ միայն հեռանկար:

«Մեզ չտվեցին, քանի որ սկզբունքորեն հակասական դիրքորոշումներ էին հնչում, հակառակ քայլեր արվում, որ ամեն կերպ խաթարվեն անդամակցության հնարավոր գործողությունները»,- նշեց Զաքարեիշվիլին:

Զաքարեիշվիլիի պնդմամբ` Վրաստանը չի կատարում ԵՄ-ի 12 հանձնարարականները թեկնածուի կարգավիճակ ստանալու համար: Կոնֆլիկտաբանը իշխող թևի հռետորաբանությունը նմանեցնում է կոռումպացված ֆուտբոլային հավաքականի խաղի հետ. մտնում են խաղադաշտ, խաղում են, փոխանցումներ են անում, բայց անում են ամեն ինչ, որ գնդակը դարպասից ներս չմտնի.

«Իշխող թիմը դուրս է եկել եվրոպական խաղադաշտ, ձևացնում է, թե ցանկանում է անդամակցել ԵՄ-ին, բայց ամեն ինչ անում է, որ թեկնածություն չստանա»:

Ըստ նրա՝ թեկնածություն ստանալու համար «Վրացական երազանքը» պետք է դադարեցնի խնդրահարույց համարվող «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության» օրինագծի քննարկումները, բացահայտի 2021 թվականի հուլիսի 5-ի մեղավորներին, վերադառնա «Միշելի համաձայնագրին», վերջ տա բևեռացմանը, կատարի ԵՄ-ի 12 հանձնարարականները:

Վրաստանի ռազմավարական վերլուծական կենտրոնի փորձագետ Գելա Վասաձեն համակարծիք է Զաքարեիշվիլիին․ համարում է, որ ոչինչ չի արվել ԵՄ թեկնածուի կարգավիճակ ստանալու ուղղությամբ: Ըստ նրա՝ պետք է անել հնարավոր ամեն բան` թեկնածուի կարգավիճակ ստանալու համար:

«Այսօրվա իրավիճակը գնահատելով, վստահ եմ, որ ապագայում ևս Եվրամիության թեկնածություն չենք ստանա: Այդ ուղղությամբ ոչ մի քայլ չի արվում»,- ընդգծեց Վասաձեն:

Նշենք, որ մարտի 3-ին լրացավ մեկ տարին, երբ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին պաշտոնապես դիմեց ԵՄ-ին՝ Վրաստանին անդամակցության թեկնածուի կարգավիճակ տրամադրելու խնդրանքով։