«Վրացական երազանք»-ի խորհրդարանի նախագահի հայտարարությամբ` այսօր կամբողջանա ընտրական շրջանը, չնայած այն բանին, որ այսօր Թբիլիսիում ոչ միայն տեղական ինքնակառավարման ընտրություններ են, այլև սպասվում են բազմահազարանոց բողոքի ակցիաներ։
«Վստահ եմ, որ այսօր կլինի հաջողված, ժողովրդավարական ընտրությունների օր։ Այսօր, կարելի է ասել, կավարտվի այն ընտրական շրջանը, որը սկսվեց անցած տարվա հոկտեմբերին»,– հայտարարել է Շալվա Պապուաշվիլին՝ տեղական ինքնակառավարման ընտրություններին իր քաղաքական ընտրությունը կատարելուց հետո։
Պապուաշվիլիի խոսքով՝ նույնիսկ ընդդիմության ուսումնասիրությամբ, «Վրացական երազանք»-ն անփոխարինելի է այս ընտրություններում, և ընդդիմությունն արդեն հաշտվել է այդ փաստի հետ։ Նա անտեսել է այն իրողությունը, որ ընդդիմադիր դաշտի մեծ մասն այսօր պատրաստվում է բազմահազարանոց բողոքի ակցիաների։
«Անցած տարի մենք ընտրեցինք խորհրդարանը, ընտրեցինք նախագահին։ Այժմ ընտրում ենք տեղական ինքնակառավարման մարմինները։ Դրանով ընտրովի մարմինները լիովին կկազմավորվեն, և մինչև 2028 թվականը Վրաստանը հնարավորություն կունենա աշխատելու ժողովրդի մանդատ ունեցող պետական ինստիտուտներով՝ մեր երկրի բարօրության բարելավման ուղղությամբ։
Ըստ Պապուաշվիլիի` այսօր «Վրացական երազանք»-ը վայելում է բնակչության 60 տոկոսի աջակցությունը, և իրենց նպատակն է 64 համայնքներում էլ քաղաքապետի ընտրություններում հավաքեն ձայների մեծամասնությունն ու առաջին փուլով հաղթեն ընտրություններում։
Նա նաև անդրադարձել է ընդդիմությանը` նրանց անվանել «արմատականներ և ծայրահեղականներ», որոնք ընթանում են հակաժողովրդավարական ճանապարհով։
Հիշեցնենք, որ այսօր Վրաստանի բոլոր շրջաններում տեղական ինքնակառավարման ընտրություններ են, դրա հետ միասին` «Ռուսթավելիի պողոտա» հարթակի նախաձեռնությամբ սպասվում է բազմահազարանոց բողոքի ակցիա։