«Գախարիան Վրաստանի համար» կուսակցության հաղորդմամբ, մի քանի ժամ առաջ պարեկային ոստիկանությունը կանգնեցրել է իրենց մաժորիտար թեկնածուի ավտոմեքենան և պահանջել խուզարկություն։ Այս տեղեկությունը Գիորգի Շերվաշիձեն հայտնել է արտահերթ ասուլիսում։ Նրա խոսքով, իրավիճակը տեղում միայն այն բանից հետո է հանդարտվել, երբ այնտեղ են եկել իրենց թիմի և մեդիայի ներկայացուցիչները։
Քաղաքական գործիչը նշել է, որ նման գործողությունները ցույց են տալիս, որ ընդդիմադիր թեկնածուների նկատմամբ ճնշումներ և վախեցնելու փորձեր են տեղի ունենում։
Գիորգի Շարաշիձեի կարծիքով, այս փաստը ևս մեկ անգամ հաստատում է, որ պետությունը բացարձակապես բոլոր ռեսուրսներն օգտագործում է, որպեսզի վախեցնի իրենց թեկնածուներին, ճնշում գործադրի նրանց վրա։ Նա նաև նշել է, որ լրիվ անհասկանալի է, թե ինչու է պարեկային ոստիկանության մի ողջ անձնակազմ մի քանի ժամ ծախսել Կոկա Կոբալաձեի ավտոմեքենան հետապնդելու համար, որը շարժվում էր իր սեփական մաժորիտար ընտրատարածքում։
«Մենք կոչ ենք անում պարեկային ոստիկանությանը՝ դադարեցնել անօրինական հետապնդումը մեր թեկնածուների նկատմամբ», — հայտարարել է Գիորգի Շարաշիձեն։
Շարաշիձեն նաև խոսել է այն խախտումների մասին, որոնք հայտնաբերվել են մի շարք ընտրատեղամասերում։
Ախմետայի մունիցիպալիտետ, Խալածան գյուղ, №22 ընտրատեղամաս․ տեղամասի շենքում գտնվում է «Վրացական երազանք»-ի մաժորիտար թեկնածու Ռուսլան Ալխանաշվիլին, որը ճնշում է գործադրում ընտրողների վրա տեղամաս ելումուտի ժամանակ։
Շարաշիձեն կոչ է արել Ներքին գործերի նախարարությանը (Ախմետայի մունիցիպալիտետի ոստիկանությանը) և ընտրական ադմինիստրացիային (տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահ Նաթելա Ցիսկարիշվիլիին) անմիջապես արձագանքել նշված փաստին։
Ռաչա-Լեչխումի, Օնի, №1 ընտրատեղամաս․ դիտորդների համար արհեստականորեն ստեղծված է բարիկադ, ինչը սահմանափակում է նրանց տեղաշարժը և անհնար է դարձնում ժամանակին արձագանքը խախտումներին։
Մցխեթայի №2 ընտրատեղամաս. տեղամասում, հոսքի կարգավորողի հետ միասին, գտնվում էր իշխող կուսակցության` «Վրացական երազանք»-ի մաժորիտար թեկնածուն, որն ընտրողներին դիմավորում էր մուտքի մոտ։ «Գախարիան Վրաստանի համար» կուսակցության ներկայացուցչի միջամտության արդյունքում թեկնածուն լքել է տեղամասը։
Խուլոյի մունիցիպալիտետ. «Վրացական երազանք»-ի մաժորիտար թեկնածու Ավթանդիլ Աբուլաձեի որդին քաղաքացիների ընտրատեղամաս մտնելուց առաջ նստեցրել էր ավտոմեքենայի մեջ և հրահանգներ տվել, թե ինչպես պետք է վարվեն քվեարկելիս։
«Կոչ ենք անում համապատասխան պետական կառույցներին ապահովել օրենքի լրիվ պահպանումը և անմիջապես կանխել ցանկացած տեսակի ճնշում ընտրողների վրա», — հայտարարել է Շարաշիձեն։