Թբիլիսիում անցկացվող բողոքի երթին միացել են նաև հոգևորականներ․ լուսանկարը տարածել է Բաչանա Սաջաիան։ Ազատության հրապարակում գտնվում է Բեթղեհեմի Փրկչի ծննդյան տաճարի առաջնորդ Դորոթե Ղուրաշվիլին ևս։
Նա մեծ հավաքից առաջ հատուկ ուղերձով է հանդես եկել և հայտարարել, որ հավատում է Վրաստանի հաղթանակին։
Ռուսթավելիի պողոտայում ցույցի մասնակիցները փակել են ավտոճանապարհը։ Զուգահեռաբար նրանք կհավաքվեն Ազատության հրապարակում՝ Սուրբ Գևորգի հուշարձանի մոտ, որտեղ տեղակայված կլինի նաև ցույցի բեմահարթակը։
Արդեն հայտնել ենք, որ այսօր՝ հոկտեմբերի 4-ին, նախատեսված է մասշտաբային բողոքի ցույց Ռուսթավելիի պողոտայում։ Ուսանողները նույնպես երթ են արել` միանալով ցուցարարներին:
Հիշեցնենք. այսօրվա ՏԻՄ ընտրությունները Վրաստանում անցնում են ընդդիմադիր դաշտում հակասական մոտեցումների ֆոնին։ Ընդդիմության մի մասը ընտրությունները բոյկոտում է՝ համարելով, որ դրանք չեն ապահովում իրական մրցակցային միջավայր, իսկ մյուս մասը մասնակցությունը դիտարկում է որպես կարևոր և որոշիչ քայլ երկրի քաղաքական ապագայի համար։
Հարկ է նշել, որ ընդդիմադիր «Գախարիան Վրաստանի համար»-ը և «Լելո— Ուժեղ Վրաստան»-ը ի սկզբանե ստորագրել էին համագործակցության հուշագիր՝ համակարգված քայլերի վերաբերյալ։
Միաժամանակ, երկու խոշոր ընդդիմադիր ուժեր՝ «Միացյալ ազգային շարժումը» և «Կոալիցիա փոփոխությունների համար»-ը, որոնք 2024 թվականին ընդդիմադիր դաշտում ունեին զգալի արդյունքներ, կորցրել են իրենց ընտրական համարները, քանի որ հրաժարվել են մասնակցել ընտրություններին։
Նշենք նաև, որ 2025 թվականի հոկտեմբերի 4-ի ընտրությունները անց են կացվում առանց հավաստի և անկախ դիտորդական այն կազմակերպությունների, որոնք նախորդ տարիներին բազմիցս հետևել են Վրաստանի ընտրական գործընթացներին, այդ թվում են ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը, ISFED-ը, Transparency International Georgia-ն և այլն։