Կախա Կալաձեն հայտարարել է, որ Եվրամիությունն իրեն ընդհանրապես չի հետաքրքրում, իսկ երկրի որոշումները կայացնում է վրացի ժողովուրդը, ոչ թե արտաքին ուժերը։
«Մեկ բան պետք է հասկանաք՝ այս երկրի տերը սովորական քաղաքացիներն են, որոնց տեսնում եք այստեղ, երկրի բնակչությունը, և ոչ թե ինչ-որ կալասներ, մալասներ կամ դրսից ինչ-որ մեկը»,- Կալաձեն այսպես է արձագանքել Կայա Կալասի և Մարտա Կոսի հայտարարությանը։
Կալաձեի խոսքով, Վրաստանը կառավարում է միայն և միայն վրացի ժողովուրդը։ Նա ընդգծել է, որ ժողովուրդն է որոշում, թե ով պետք է լինի իշխանության մեջ, և ինչպես պետք է ներկայացված լինի ընդդիմությունը։
Հիշեցնենք, որ Եվրամիության արտաքին գործողությունների ծառայությունը (EEAS) տարածել է Եվրահանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալասի և Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարտա Կոսի համատեղ հայտարարությունը «Ինքնակառավարում 2025»-ի վերաբերյալ, որտեղ նշված է, որ «Վրաստանում տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններն այս շաբաթ անցել են ընդդիմության նկատմամբ լայնածավալ ճնշումներով»։