ՏԻՄ ընտրություններ և հետընտրական իրավիճակ. տեղական և միջազգային արձագանքներ

Վրաստանում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները տեղի են ունեցել հոկտեմբերի 4-ին։ Ընդդիմադիր կուսակցությունների մեծամասնությունը բոյկոտել է ընտրությունները։ Ինը ընդդիմադիր քաղաքական գործիչներ ընտրությունների ժամանակ բանտում էին գտնվում և այժմ էլ բանտում են։

ՏԻՄ ընտրություններին զուգահեռ, Թբիլիսիում մեծամասշտաբ ցույց էր ընթանում։ Ցույցի ժամանակ բախումներ են տեղի ունեցել, ակցիայի մասնակիցներին ցրել են՝ օգտագործելով պղպեղի սփրեյ, արցունքաբեր գազ, ջրցան մեքենաներ և այլն։ Ձերբակալվել են ակցիայի բոլոր 5 կազմակերպիչները, նաև բռնագրավել են մի քանի լրատվամիջոցների տեխնիկական սարքերը։

Բազմաթիվ երկրներ են արձագանքել կատարվածին` դատապարտելով բռնությունը և համերաշխություն հայտնելով վրաց ժողովրդին։

Լայնամասշտաբ բողոքի ցույցի ֆոնին, ընտրությունների ավարտից հետո, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակեց նախնական տվյալները՝ Թբիլիսիի քաղաքապետի ընտրություններում առաջատար գրանցվեց «Վրացական երազանք»-ի թեկնածու Կախա Կալաձեն՝ 71,588 տոկոսով։

  • Կախա Կալաձե` 214,575 ձայն (71,588%);
  • Իրակլի Կուպրաձե՝ 37257 ձայն (12,43%);
  • Յագո Խվիչիա` 22535 ձայն (7,518%);
  • Զուրաբ Մախարաձե՝ 12356 ձայն (4,122%).

Մնացած թեկնածուները ստացել են 2 տոկոսից պակաս ձայն։

«Վրացական երազանք» կուսակցության քաղաքապետի թեկնածուները հաղթել են բոլոր 64 մունիցիպալիտետներում, որոնցից 26-ում մրցակիցներ չեն ունեցել:

Ի դեպ, հատկանշական է, որ այս ընտրություններն աչքի են ընկել քաղաքացիների ցածր մասնակցությամբ՝ համեմատած այլ տարիների հետ։

«Ալիք Մեդիա Վրաստան»-ի հետ զրույցում Փաստերի ստուգման GeoFacts-ի վերլուծաբան Գիորգի Էլիզբարաշվիլին նշեց, որ ՏԻՄ ընտրություններին հասարակության ցածր մասնակցությունը, հավանաբար, բոյկոտի արդյունք է։

«Թե՛ Թբիլիսիում, թե՛ ամբողջ Վրաստանում այս տարվա մասնակցությունը ամենացածրն էր երկրի անկախության պատմության մեջ։

Առանձին որևէ քաղաքում որևէ տարում հնարավոր է ակտիվությունն ավելի ցածր է եղել, քան այս տարի, բայց կոնկրետ Թբիլիսիում և ամբողջ Վրաստանում այս տարի էր ամենացածր ակտիվությունը»,- նշեց փաստերի ստուգման վերլուծաբանը։

Անդրադառնալով հասարակության արդեն ավելի քան 300 օր ընթացող բողոքի ալիքին, Վրաց-եվրոպական ինստիտուտի (EGI) ղեկավար, քաղաքագետ Գիորգի Մելաշվիլին ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ հոկտեմբերի 4-ի ընտրություններով ոչինչ չի ավարտվել, այլ միայն շարունակվում է պայքարը Վրաստանի եվրոպական ապագայի համար։

«Բողոքի ոգին կենդանի է և առողջ է, ոչ մի տեղ չի գնացել։ Այնուամենայնիվ, ժողովրդի միասնությունը ցույց է տալիս, թե որքան կարևոր են բողոքի նկատմամբ պատասխանատու վերաբերմունքը և մեթոդական աշխատանքը»,- գրել է նա։

Հատկանշական է, որ հոկտեմբերի 4-յան իրադարձություններին հաջորդեց Բեթղեհեմի Փրկչի Ծննդյան տաճարի հոգևոր առաջնորդ Դորոթե Կղուրաշվիլիի բաց նամակը, ըստ որի` դա իր ուղերձն է մշակութային մարդկությանը, Եվրամիության երկրներին և Ամերիկայի Միացյալ Նահանգներին։

Հոգևոր առաջնորդը խնդրել է նրանց օգնությունը, «որպեսզի Վրաստանն ազատվի ռուսական ագրեսիայից և վերադառնա ժողովրդավարական զարգացմանը»։

«Ես՝ որպես քահանա և ժողովրդի առաջնորդ, չեմ կարող հանգիստ դիտել մեր բնիկ ժողովրդի ճնշումներն ու խոշտանգումները, ուստի դիմում եմ ձեզ` մշակութային մարդկությանը, ժողովրդավարության շեմին կանգնած պետություններին։ Ժղովրդավարությունը ոչնչացվել է, ընտրությունները, արդարադատությունը և դատական ​​համակարգը վերացվել են, և ստեղծվել է օրենք, որը ոչ մի կապ չունի արդարադատության հետ»,- գրել էր նա։

Վրաստանյան արձագանքից բացի, երկրում տիրող իրավիճակին արձագանքել են նաև ԵՄ մի շարք երկրներ, ԱՄՆ-ն, քաղաքական գործիչներ և այլք։

Եվրախորհրդարանի պատգամավորները հայտարարություն են տարածել Վրաստանի վերաբերյալ՝ անդրադառնալով 2025 թվականի հոկտեմբերի 4-ին Վրաստանում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին։

Հայտարարության մեջ նշված է, որ ընտրություններն «անցկացվել են սահմանափակ միջավայրում՝ «Վրացական երազանք»-ի քաղաքացիական հասարակության, անկախ լրատվամիջոցների և քաղաքական ընդդիմության նկատմամբ ինքնահռչակ պաշտոնյաների ամիսներ շարունակ իրականացրած ճնշումների պայմաններում»։

Եվրախորհրդարանի պատգամավորները դատապարտել են այն փաստը, որ «պաշտոնյաները փաստացի խոչընդոտել են ընտրություններին վստահելի դիտորդների մասնակցությանը»։

«Վրաստանում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները տեղի են ունեցել այս շաբաթ օրը՝ այլախոհության դեմ լայնածավալ ճնշման պայմաններում»,- ասված է Եվրամիության (ԵՄ) բարձրաստիճան ներկայացուցիչ Կայա Կալասի և ընդլայնման բանակցությունների հարցերով ԵՄ հանձնակատար Մարտա Կոսի համատեղ հայտարարության մեջ։

Նրանք նշել են, որ «անկախ լրատվամիջոցների վրա ամիսներ շարունակ տեղի ունեցած հարձակումները, քաղաքացիական հասարակությանը թիրախավորող օրենքների ընդունումը, հակառակորդների և ակտիվիստների ձերբակալությունները, նաև Ընտրական օրենսգրքում իշխող կուսակցության օգտին կատարված փոփոխությունները լրջորեն նվազեցրել են մրցակցային ընտրություններ անցկացնելու հնարավորությունը։

Համատեղ հայտարարության մեջ Կայա Կալասը և Մարտա Կոսն ընդգծել են, որ «ԵՄ-ն կտրականապես մերժում և դատապարտում է Վրաստանում ԵՄ դերի մասին ապատեղեկատվությունը, նաև ԵՄ դեսպանի դեմ հարձակումները»։

Մոլդովայի արտաքին գործերի նախարարությունը X-ում հայտարարություն է տարածել վրաստանյան վերջին իրադարձությությունների վերաբերյալ։ Նրանք համերաշխություն են հայտնել վրաց հասարակությանը և կոչ արել զսպվածության, երկխոսության և հարգալից վերաբերմունքի ժողովրդավարական սկզբունքներին։

Հայտարարությունների շարքում է նաև Ռումինիայի արտաքին գործերի նախարար Օանա Ցոիուն, նաև Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն. Նրանք գրել են, որ կանգնած են վրաց ժողովրդի և նրա օրինական ժողովրդավարական ու եվրոպական ձգտումների կողքին։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 4-ի ակցիայի ժամանակ ձերբակալվեցին հանրահավաքի բոլոր 5 կազմակերպիչները. նրանց դեմ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը։ Բացի նրանցից, ձերբակալվել են նաև ակցիայի այլ մասնակիցներ։

Հասարակության մի շարք ներկայացուցիչների, վրացի վերլուծաբանների կարծիքով, ընտրություններում նման արդյունքի հասնելը, ցավոք, սպասելի էր և տրամաբանական։

Միջազգային հարաբերությունների փորձագետ, նախկին դիվանագետ Զուրաբ Փարջիանին «Ալիք Մեդիա Վրաստան»-ի հետ զրույցում ասաց, որ ընտրությունների արդյունքները զարմանալի չէին. Նրա խոսքով՝ ակնհայտ է, որ ակտիվությունը շատ ցածր էր, ակնհայտ է, որ ոչ մի մրցակցություն չկար, հետևաբար` անսպասելի չէր.

«Ընդդիմությանը ո՛չ միասնական բոյկոտ հաջողվեց, ո՛չ էլ ընտրություններին միասնական մասնակցություն, ինչը, իմ կարծիքով, ամենավատ սցենարն էր»,- նշեց փորձագետը։

Փարջիանին նաև նշեց, որ չնայած մեծամասշտաբ հանրահավաքները միշտ արդյունավետ են, բայց ընդդիմության ակտիվությունը ցածր է. «Մեծամասշտաբ ցույցերը շատ ավելի արդյունավետ են, սակայն ուշագրավ է, որ ընդդիմադիրները շատ անջատ են միմյանցից, և համապատասխանաբար քաղաքացին, ցուցարարը չի զգում, որ այստեղ ակտիվ քաղաքական գործընթաց է ընթանում»։

Հանրահավաքների թեմային անդրադառնալով` քաղաքական վերլուծաբան Իրակլի Մելաշվիլին գրել է, որ այսօր, առաջին հերթին, աջակցություն է պետք այն հազարավոր երիտասարդներին, որոնք մեկ տարուց ավելի պայքարում են այս երկրի ավելի լավ ապագայի համար՝ չունենալով խելացի առաջնորդ ի դեմս քաղաքական առաջնորդների կամ այն ​​մարդկանց, որոնք իրենց գիտելիքներով ու փորձով կպաշտպանեին նրանց սխալներից և կհարթեին հաջողության ճանապարհը։ Նրա խոսքով՝ ապագայի գործը լրջորեն պլանավորելու համար անհրաժեշտ է անցյալի սխալների վերլուծություն, բայց ոչ թե ինչ-որ մեկի նկատմամբ հաշվեհարդար տեսնելու նպատակով, այլ նույն սխալները չկրկնելու և հաջողության հասնելու համար։

Քաղաքական վերլուծաբանի կարծիքով՝ այն, որ առկա քաղաքական սպեկտրի և նրա առաջնորդների մեծ մասի նկատմամբ հասարակության տոտալ անվստահության ֆոնին այս հսկայական բողոքների ժամանակ չծնվեց առաջնորդների նոր խումբ, որը կվայելեր հասարակության վստահությունը և դրանով կնպաստեր քաղաքական լանդշաֆտի որակական թարմացմանը, շատ վատ է։

«Իմ կարծիքով, հենց բողոքի շարժման առաջնորդության բացակայությունը կարող է լինել պատճառներից մեկը, որովհետև նույնիսկ բազմամսյա բողոքի մասնակից ակտիվիստների համար անսպասելի էր այն սցենարը, որով զարգացան հոկտեմբերի 4-ի իրադարձությունները։ Փաստացի չգտնվեց սուբյեկտ, որը բազմամսյա բողոքի շարժման անունից կարողանար պահանջել հոկտեմբերի 4-ի ակցիայի կազմակերպիչներից գործողությունների ծրագիր կամ ավելին` ներգրավվեր դրա մշակման մեջ։ Ուստի, առանց հասարակության համար ընդունելի այլընտրանք ստեղծելու, հաջողության հասնելը դժվար կլինի»,- գրել է նա։

Հիշեցնենք. ՏԻՄ ընտրությունները Վրաստանում անցել են ընդդիմադիր դաշտում հակասական մոտեցումների ֆոնին։ Ընդդիմության մի մասն ընտրությունները բոյկոտեց՝ համարելով, որ դրանք չեն ապահովում իրական մրցակցային միջավայր, իսկ մյուս մասը մասնակցությունը դիտարկում էր որպես կարևոր և որոշիչ քայլ երկրի քաղաքական ապագայի համար։

Հարկ է նշել, որ ընդդիմադիր «Գախարիան Վրաստանի համար»-ը և «Լելո— Ուժեղ Վրաստան»-ն ի սկզբանե ստորագրել էին համագործակցության հուշագիր համակարգված քայլերի վերաբերյալ։

Միաժամանակ, երկու խոշոր ընդդիմադիր ուժեր՝ «Միացյալ ազգային շարժում»-ը և «Կոալիցիա փոփոխությունների համար»-ը, որոնք 2024 թվականին ընդդիմադիր դաշտում ունեին զգալի արդյունքներ, կորցրել են իրենց ընտրական համարները, քանի որ հրաժարվել են մասնակցել ընտրություններին։ «Գախարիան Վրաստանի համար»-ը չհաղթահարեց 4% շեմը և դուրս մնաց Թբիլիսիի քաղաքային խորհրդից։
Նշենք նաև, որ 2025 թվականի հոկտեմբերի 4-ի ընտրություններն անցկացվեցին առանց հավաստի և անկախ դիտորդական այն կազմակերպությունների, որոնք նախորդ տարիներին բազմիցս հետևել էին Վրաստանի ընտրական գործընթացներին, դրանց թվում են ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը, ISFED-ը, Transparency International Georgia-ն և այլն։

Այն մասին, թե ինչ արդյունքներով ավարտվեց ՏԻՄ ընտրությունները, ինչ էր տեղի ունենում հոկտեմբերի 4-ի երեկոյան Թբիլիսիում, և ինչպես է բաշխվել Թբիլիսիի քաղաքային խորհրդի մանդատները, կարող եք կարդալ ստորև։

«Վրացական երազանք»-ը հաղթել է բոլոր 64 մունիցիպալիտետներում

ԹԱՐՄԱՑՎՈՂ. Լարված իրավիճակ, բախումներ, ցույցը ցրում են ջրցանով, պղպեղի սփրեյով

Մանդատների բաշխումը Թբիլիսիի քաղաքային խորհրդում