Ներքին գործերի նախարարության հաղորդմամբ՝ հոկտեմբերի 4-ին Թբիլիսիում տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ սկսված հետաքննության շրջանակներում իրավապահ մարմինների աշխատակիցները ձերբակալել են ևս մեկ անձի՝ Գ.Կ.-ին։
Ըստ հաղորդագրության՝ քննչական գործողությունները շարունակվում են հանցագործության մյուս մեղավորներին բացահայտելու և նրանց քրեական պատասխանատվության ենթարկելու նպատակով։
Հետաքննությունը տարվում է Քրեական օրենսգրքի 317, 222, 225 և 187 հոդվածներով։
Երեկ երեկոյան վերոնշյալ հանրահավաքի հետ կապված ձերբակալվել էր ևս 12 մարդ։
Հիշեցնենք. հոկտեմբերի 4-ին, ՏԻՄ ընտրություններին զուգահեռ, Թբիլիսիում մեծամասշտաբ ցույց էր ընթանում։ Ցույցի ժամանակ բախումներ են տեղի ունեցել, ակցիայի մասնակիցներին ցրել են՝ օգտագործելով պղպեղի սփրեյ, արցունքաբեր գազ, ջրցան մեքենաներ և այլն։ Ձերբակալվել են ակցիայի բոլոր 5 կազմակերպիչները, նաև բռնագրավել են մի քանի լրատվամիջոցների տեխնիկական սարքերը։
Բազմաթիվ երկրներ են արձագանքել կատարվածին` դատապարտելով բռնությունը և համերաշխություն հայտնելով վրաց ժողովրդին։