Համազգային շարժումը վերջ կդնի Իվանիշվիլիի իշխանությանը․ ՄԱՇ

Նախկին իշխող՝ «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը հայտարարել է, որ նոյեմբերի 17-ի ընդդիմության հանրահավաքը դառնալու է «համընդհանուր ազգային հավաք, որը կարճ ժամանակում վերջ կդնի  իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի իշխանությանը»։ 

Ընդդիմությունը «մեծամասնականների ընդվզումը» անվանեց Բիձինա Իվանիշվիլիի կողմից բեմադրված ներկայացում։ Քվեարկությունից հետո, որը Վրաստանում համարեցին պատմական, քաղաքական ու հասարակական ակտիվ խմբերը մեծամասշտաբ հավաքների անոնս արեցին։

«Օլիգարխ Բիձինա Իվանիշվիլին ևս մեկ անգամ տրորեց երկրի հեղինակությունը և Վրաստանի քաղաքացու արժանապատվությունը։  Այդ պատճառով «Միացյալ ազգային շարժումը» միանում է  բոլոր քաղաքական ուժերին ու հասարակական խմբերին՝ ի դեմ Իվանիշվիլիի կառավարման», — ասված է ընդդիմադիր կուսակցության տարածած հայտարարությունում։

Ընդդիմությունը հայտնել է, որ նպատակին հասնելու համար «դիմելու է բողոքի ու ընդդիմանալու բոլոր մեթոդներին, որոնք ընդունված են Վրաստանի Սահմանադրությամբ ու միջազգային իրավունքով»։ Հիմնական պահանջները ձևակերպված են 2 կետով․

1.Իվանիշվիլին անհապաղ պետք է հեռացվի իշխանությունից։ Նրա օկուպացիոն ռեժիմը, որն իրեն անվանում է կառավարություն, պետք է պաշտոնաթող լինի։ Իսկ կոռումպացված կենտրոնական ընտրական հանձնաժողովը պետք է փոխարինվի։

2. Վրաստանում պետք է անցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ՝ ժամանակավոր կառավարության պայմաններում։

Հիշեցնենք՝ 2020-ին համամասնական ընտրակարգով ընտրությունների անցկացոմը հազարավոր ցուցարարների պահանջն էր՝ դեռևս հունիսից, երբ ռուս քաղաքական գործիչ  Սերգեյ Գավրիլովի այցից հետո հակառուսական տրամադրությունների մեծ ալիք բարձրացավ Վրաստանում։

Այն ժամանակ  «Վրացական երազանքը» զիջումների գնաց, Իվանիշվիլին խոստացավ որ հաջորդ ընտրություններն անցնելու են համամասնական կարգով։ Նախօրեին նա հայտարարել էր, որ  վշտացած է  պատգամավորների որոշումից։