Վերադարձնենք երկիրը․ Թբիլիսիում բողոքի ալիք է բարձրացել

Վրաստանի խորհրդարանի դիմաց բողոքի ակցիա է ընթանում։ Կազմակերպիչները հիմնականում այն երիտասարդ ակտիվիստներն են, ովքեր հունիսին սկսված շարժման առաջին շարքերում էին։ 

«Այսօր մենք խորհրդարանում տեսանք Բիձինա Իվանիշվիլիի կողմից կազմակերպված կրկես։ Տեսանք՝ ինչպես է նա ամեն կերպով փորձում պահել իշխանությունը։ Ընտրությունների՝ համամասնական կարգով անցկացման դեպքում նա ստիպված կլիներ զիջել իշխանությունն, ինչին նա պատրաստ չէ։ Բայց ժողովուրդը պատրաստ է ռուսամետ օլիգարխից հետ վերցնել մեր գողացված երկիրը»,- ֆեյսբուքյան էջում գրել են կազմակերպիչներն ու մարդկանց կոչ արել դուրս գալ պայքարի։

Կազմակերպիչների խոսքով՝ այժմ միակ ճիշտ քայլը մնում է խորհրդարանի դիմաց հավաքվելն ու իրենց պատկանելիքը վերադարձնելը։ «Ուժը ժողովրդի մեջ է, միասին՝ ընդդեմ մեկի, միասին՝ հանուն երկրի»։

Հիշեցնենք, որ այսօր Վրաստանի խորհրդարանը 101 կողմ ձայներով տապալեց 2020 թվականին համամասնական ընտրակարգին անցնելու մասին սահմանադրական փոփոխությունների օրինագիծը։