Գավրիլովը խորհրդարանից ներողություն է պահանջում

Ռուս պատգամավոր Սերգեյ Գավրիլովը Վրաստանի խորհրդարանից պահանջում է ներողություն խնդրել: Այս մասին հայտնում է ռուսական РИА լրատվական գործակալությունը: Պատգամավորը ներողություն է պահանջում Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովը ձախողելու համար:

Նոյեմբերի 14-15-ին Հունաստանի մայրաքաղաք Աթենքում տեղի է ունենում Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովը: Վեհաժողովին իր ելույթի ժամանակ էլ Գավրիլովը խոսել է Վրաստանի և «ներողության» մասին:

Հիշեցնենք, որ Թբիլիսիում հունիսի 20-ին ընթանում էր Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովը, որը նախագահում էր ռուս պատգամավոր Սերգեյ Գավրիլովը։ Ռուսական պատվիրակության ղեկավարը նստել էր Վրաստանի խորհրդարանի խոսնակի աթոռին, ելույթ ունեցել ռուսերեն լեզվով՝ հարուցելով քաղաքացիների զայրույթը։ Սկսված բողոքի ակցիաների ֆոնին խորհրդարանի նախագահի պաշտոնից հրաժարական է տվել Իրակլի Կոբախիձեն։

Նույն օրը՝ հունիսի 20-ի լույս 21-ի գիշերը, երբ ցուցարարները փորձում էին գրոհել խորհրդարանի շենքը, հատուկջոկատայինները ցույցը ցրելու համար կիրառեցին ռետինե փամփուշտներ, արցունքաբեր գազ, ջրցան մեքենա: «Գավրիլովի գիշեր» անվանումը ստացած զարգացումների պատճառով այդ օրը վիրավորվել է 240 մարդ, 2 հոգի կորցրել է աչքը, բերման ենթարկվել՝ մոտ 300-ը։