Հոկտեմբերի 4-ի կազմակերպիչները լիովին մեկուսացված են

Պաատա Բուրճուլաձեի փաստաբան Շոթա Թութբերիձեն տեղեկություն է տարածել հոկտեմբերի 4-ի կազմկոմիտեի ձերբակալված անդամների նկատմամբ քրեակատարողական համակարգի կիրառած սահմանափակումների մասին:

Շոթա Թութբերիձեի խոսքով՝ հոկտեմբերի 10-ին Պաատա Բուրճուլաձեին արգելվել են հեռախոսազանգերը, նամակագրությունը բանտից և ընտանիքի անդամների հետ տեսակցությունները: Ըստ փաստաբանի` սահմանափակումները կտևեն երկու ամիս. որոշումը դեռ փաստաբանին չեն  հանձնել, հետևաբար ինքը չի կարող ասել, թե ինչ հիմնավորմամբ է նման որոշում կայացվել: Փաստաթուղթը ստանալուց հետո Թութբերիձեն մտադիր է բողոքարկել որոշումը, սակայն չի բացառում, որ սահմանափակումները կերկարաձգվեն երկու ամիսը լրանալուց հետո:

Թութբերիձեն ասել է, որ ինքը մանրամասն տեղեկություններ չունի կազմկոմիտեի մյուս ձերբակալվածների մասին, բայց գիտի, որ նմանատիպ սահմանափակումներ են կիրառվել նաև նրանց նկատմամբ:

Քրեակատարողական հիմնարկից նամակներ ուղարկելու, զանգահարելու և բանտում ընտանիքի անդամներին տեսակցելու հարցում սահմանափակումներ են կիրառվել նաև «Միացյալ ազգային շարժում» կուսակցության առաջնորդ Լևան Խաբեիշվիլիի նկատմամբ. նա ձերբակալվել էր հոկտեմբերի 4-ից մի քանի շաբաթ առաջ՝ պետական հեղաշրջում կազմակերպելու փորձի մեղադրանքով:

Պաատա Բուրճուլաձեն, Մուրթազ Զոդելավան, Իրակլի Նադիրաշվիլին, Պաատա Մանջգալաձեն և Լաշա Բերիձեն ձերբակալվել են հոկտեմբերի 4-ի գիշերը. նրանք մեղադրվում են խմբակային բռնության կազմակերպման և ղեկավարման, ռազմավարական ու հատուկ կարևորության օբյեկտը զավթելու փորձի, Վրաստանի սահմանադրական կարգը բռնի ուժով փոխելու և պետական իշխանությունը տապալելու կոչերի համար:

Հոկտեմբերի 4-ի գործով ռազմավարական նշանակության օբյեկտը զավթելու փորձի և խմբակային բռնության մեղադրանքներով այս պահին  ձերբակալված է առնվազն 45 մարդ: