Նոր պատիժներ ճանապարհ փակելու և ոստիկանին չենթարկվելու համար

«Վրացական երազանք»-ը կրկին խստացրել է օրենքներն ընդդեմ ցուցարարների։ Այսուհետ ակցիաների ժամանակ սահմանված կանոնների խախտումը կդառնա քրեական կարգով պատժելի, և կկիրառվի մինչև մեկ կամ երկու տարի ազատազրկում։

Փոփոխությունները լրատվամիջոցներին է ներկայացրել խորհրդարանական մեծամասնության առաջնորդ Իրակլի Կիրցխալիան։

Ըստ օրինագծի` դատավորը կզրկվի տուգանք կիրառելու իրավունքից և ցուցարարին միանգամից կուղարկի մինչև 60 օր ազատազրկման հետևյալ դեպքերում.

• Եթե ակցիայի ժամանակ նրա մոտ հայտնաբերվեն հրազեն, հեշտությամբ բռնկվող նյութ, սառը զենք կամ պիրոտեխնիկա։

• Եթե ոստիկանությունը որոշում կայացնի հավաքը ցրելու մասին, իսկ ցուցարարը չենթարկվի։

Առանց տուգանքի կիրառման, միանգամից մինչև 15 օր ազատազրկում կնախատեսվի ակցիայի ժամանակ դիմակ կրելու համար։ Նույն պատիժը կկիրառվի նրանց նկատմամբ, ովքեր ակցիայի ժամանակ ձեռքի տակ կունենան արցունքաբեր միջոց կամ դիտավորյալ կխոչընդոտեն մարդկանց կամ տրանսպորտային միջոցների տեղաշարժը։

«Նման արգելված գործողությունների կրկնակի կատարման դեպքում քրեական պատասխանատվության կենթարկվեն մինչև մեկ տարի ժամկետով, իսկ երրորդ և յուրաքանչյուր հաջորդ նույն օրինազանց գործողությունը կպատժվի մինչև երկու տարի ժամկետով», — ասել է Կիրցխալիան։

Հիշեցնենք. արդեն ավելի քան 320 օր է, ինչ Վրաստանում ընթանում են եվրոպամետ ակցիաներ նոր խորհրդարանական ընտրությունների անցկացման և ցույցերի ժամանակ ձերբակալված մարդկանց ազատ արձակման պահանջով։ Քաղաքացիները հավաքվում են անցյալ տարվա նոյեմբերի 28-ից, երբ «Վրացական երազանք»-ի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ասաց, որ հաջորդ չորս տարիների ընթացքում այլևս չեն քննարկի եվրաինտեգրման համար անհրաժեշտ բանակցությունների հարցը։