Ակցիայի մասնակից 64-ամյա տղամարդը կորցրել է մեկ աչքի տեսողությունը

Հոկտեմբերի 4-ի ցույցի գործով ձերբակալված 64-ամյա Կոնստանտինե Կոկաիայի դուստրը՝ Նինի Կոկաիան, «Ազատություն» ռադիոկայանին հայտնել է, որ, ըստ փաստաբանի, իր հայրը կորցրել է մեկ աչքի տեսողությունը։

Նինի Կոկաիայի խոսքով՝ հոկտեմբերի 4-ի գիշերը ցույցի ընթացքում նրա հոր աչքերին փչել են, այսպես կոչված, «պղպեղի սփրեյ», ինչի հետևանքով նրա տեսողությունը վատթարացել է, սակայն ընտանիքը հույս է ունեցել, որ այդ խնդիրը ժամանակի ընթացքում կվերանա։

«Այն ժամանակ շտապօգնություն էինք կանչել։ Մտածում էինք, որ դա ժամանակավոր խնդիր է, սակայն այսօր փաստաբանը տեսակցել է հորս և մեզ հայտնեց, որ նրա մեկ աչքը այլևս չի տեսնում», – ասել է Նինի Կոկաիան։

Կոկաիայի դուստրը նաև ասել է, որ իր հոր առողջական վիճակը բանտում վատթարացել է․ նա սրտի վիրահատություն է տարել, բայց մինչ այժմ նրան բժիշկ չի այցելել։

«Արդեն մի քանի օր է հայրս ասում է, որ շնչահեղձություն, գլխացավ, բարձր ճնշում ունի, ձախ կողմը՝ ձեռքը և ոտքը, թմրած են։ Հորս սիրտը հինգ անգամ ստենտավորվել է, բայց մինչ այժմ ոչ մի հետազոտություն չեն անցկացրել։ Այժմ նաև տեսողության կորուստն է ավելացել», – ասել է Նինի Կոկաիան՝ պահանջելով, որ համապատասխան մասնագիտացված բժիշկներ այցելեն իր հորը և գնահատեն նրա առողջական վիճակը։

Կոնստանտինե Կոկաիան ձերբակալվել է հոկտեմբերի 9-ին։ Քննությունը նրան մեղադրում է ռազմավարական և առանձնապես կարևոր նշանակության օբյեկտը զավթելու փորձի և խմբային բռնության համար։ Եթե մեղադրանքը հաստատվի, 64-ամյա տղամարդուն մինչև 9 տարի ազատազրկում է սպառնում։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 4-ի ցույցից հետո բանտում է հայտնվել 45 մարդ։