Վերջին ամիսներին ժամանակ առ ժամանակ Վրաստանում արձանագրվում է պետական ծառայողներին աշխատանքից ազատելու դեպքերի զգալի աճ, որոնց հիմքում, ըստ տեղական քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և իրավապաշտպանների, քաղաքական դրդապատճառներն են։
Ազատումների այս նոր ալիքը սկսվել է այն բանից հետո, երբ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը հայտարարեց Եվրոպական միությանն ինտեգրման գործընթացը մինչև 2028 թվականը կասեցնելու մասին, ապա ընդունվեցին բազմաթիվ օրենքներ, որոնք, միջազգային հանրության գնահատմամբ, սահմանափակում են մարդու հիմնարար իրավունքները, խոչընդոտում ՀԿ-ների, Մեդիա կազմակերպությունների և այլոց աշխատանքը։ Զանգվածաբար թիրախավորվել են հետևյալ պետծառայողները.
• Ստորագրել են երկրի եվրոպական ուղղությանն աջակցող հայտարարություններ;
• Հրապարակայնորեն քննադատել են կառավարության քաղաքականությունը կամ մասնակցել բողոքի ցույցերին։
Մասնավորապես, օրեր առաջ գրանցվեց ևս մի քանի նմանատիպ դեպք։ Բժիշկ Նաթիա Խարատիի խոսքով՝ Բաթումիի հանրապետական հիվանդանոցից իրեն քաղաքական հայացքների պատճառով են ազատել։ Բժշկի խոսքով, հանրապետականի տնօրենն իրեն բառացիորեն ասել է, որ այդ որոշման պատճառն իր «ֆեյսբուքյան հրապարակումներն» են։
Բժիշկ Նաթիա Խարատին «Ազատության հրապարակ»-ի շարժման առաջնորդներից է։
Բաթումիի հանրապետական հիվանդանոցի ղեկավարը «Բաթումելեբի»-ին ասել է, որ բժշկի հետ «անձնական զրույցներում» քաղաքական հայացքներ է հիշատակել, բայց, ըստ նրա, դա կապված չէ աշխատանքային հարաբերությունների դադարեցման հետ։
«Առողջապահության նախարարությունից համաձայնություն չենք ստացել [Նաթիա Խարատիի հետ նոր պայմանագիր կնքելու վերաբերյալ]… Բոլոր կադրային որոշումները պարտադիր համաձայնեցնում ենք նախարարության հետ», – ասել է Կախա Աղամանաշվիլին՝ Բաթումիի հանրապետական հիվանդանոցի տնօրենի պաշտոնակատարը։
«Մի քանի ամիս աշխատել եմ առանց պայմանագրի», – պատմել է բժիշկ Նաթիա Խարատին, – «Սեպտեմբերի 30-ին ինձ ուղարկեցին պայմանագիր, որի ժամկետը լրացել էր սեպտեմբերի 17-ին։ Պարզվում է, ինձ հետ պայմանագիր էին կնքել երեք ամսով և փորձաշրջանով։ Ասացի, որ եթե պայմանագրի ժամկետն արդեն լրացել է, պետք է ասեին, և ես նոր բժշկական եզրակացություններ չէի պատրաստի։ Ինձ ասացին՝ տնօրենի հետ խոսիր։
Տնօրենն իր աշխատասենյակում ինձ ասաց, որ գործընկերներն իմ մասին լավ կարծիք ունեն, և զարմանում է, թե ինչու է նախարարությունը ինձ մերժել, բայց հետո նայել է ֆեյսբուքյան հրապարակումներս և հասկացել, թե ինչու են մերժել։
Ասացի, որ ժողովրդավարական երկրում յուրաքանչյուրը կարող է ունենալ իր կարծիքը։ Նա համաձայնեց և շարունակեց` բայց ի՞նչ կարիք կա դա հրապարակելու», – պատմել է Նաթիա Խարատին։
Նաթիա Խարատին Բաթումիի հանրապետական հիվանդանոցում էլեկտրաֆիզիոլոգ էր։
Աշխատանքից ազատվածներից ևս մեկ նախկին պետծառայող` Մանանա Մարսագիշվիլի-Էլոշվիլին, գրել է.
«Փառք Աստծո, ես նրանց ժառանգն եմ, ովքեր երբեք չեն վախեցել և չեն ծնկել երկրի թշնամիների առջև, ուստի ևս մեկ անգամ կասեմ, որ Վրաստանը եվրոպական արժեքների երկիր է, մենք մարտունակ, անհնազանդ ազգ ենք, և մեր ընտրությունը ոչ թե խավարն է, այլ լույսը, կրթությունը և զարգացումը»։
Մանանա Մարսագիշվիլի-Էլոշվիլին Կղազբեգիի Արդարադատության տանը բացման օրից մենեջերի պաշտոնում էր ծառայում։
«Արդարադատության տան նորանշանակ ղեկավարները միակողմանիորեն դադարեցրին իմ «վարչական պայմանագիրը», որը պայմանավորված էր հունվարին ընդունված անհասկանալի օրենսդրական փոփոխություններով։
Ես այն մարդը չեմ, որին կկոտրեն այս որոշմամբ և կստիպեն փոխել իր ամուր դիրքորոշումը երկրի եվրոպական ապագայի վերաբերյալ։
Ես չեմ վախենում ո՛չ այսօրվա, ո՛չ վաղվա օրվանից, ինչպես որ չվախեցա 13 տարի առաջ ներգրավվել «Վրացական երազանք»-ի գործունեության մեջ, և այն ժամանակ, երբ նման որոշումը տարբեր ռիսկերի հետ էր կապված, ուրիշների հետ միասին հիմնեցի «Վրացական երազանք»-ի Կղազբեգիի գրասենյակը»,- ասել է նա։
Նրա խոսքով՝ ինքը չի վախեցել և չի խուսափել այն ժամանակ, երբ անհրաժեշտ է եղել հստակորեն արտահայտել սեփական դիրքորոշումը Վրաստանի Սահմանադրության 78-րդ հոդվածի պաշտպանության վերաբերյալ։
«Ժամանակին «Վրացական երազանք»-ի անդամ լինելով՝ չէի պատկերացնի, որ Վրաստանի ձեռքբերումները պաշտպանելու կարիք կունենայինք։ Չէի պատկերացնի ոչ թե այն պատճառով, որ միամիտ եմ, այլ որովհետև ես ու ինձ նման շատերը, ովքեր ժամանակին կանգնեցինք այս քաղաքական ուժի կողքին, ունեինք միակ նպատակը՝ երկիրը զարգանար և իր տեղը գրավեր եվրոպական երկրների շարքում։ Առավել ևս, հաշվի առնելով, որ մեր եվրոպական ճանապարհը որևէ մեկ իշխանության ձեռքբերումը չի եղել, և անկախության ստացումից մի քանի տարի հետո դանդաղ, բայց հաստատուն քայլերով սկսեցինք շարժվել դեպի Արևմուտք», – այսպես է արձագանքել Մանանա Մարսագիշվիլի-Էլոշվիլին իր աշխատանքից ազատման մասին որոշմանը։
Ի դեպ, Մանանա Մարսագիշվիլիի ամուսինը՝ Շալվա Էլոշվիլին, ժամանակին նույնպես «Վրացական երազանք»-ի ներկայացուցիչ էր։ 2021 թվականի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների համար Իրակլի Կոբախիձեն նրան առաջադրել էր որպես քաղաքապետի թեկնածու Կղազբեգիի մունիցիպալիտետում։ Սակայն, առաջադրումից գրեթե մեկ ամիս անց, դեռ մինչև ընտրությունները, Շալվա Էլոշվիլին լքել է «Վրացական երազանք»-ը և քննադատել կուսակցությանն իշխանության համար անազնիվ պայքարի և բնակչության պատկերացումներից շեղվելու համար։
«Թրանսփարենսի Ինթերնեյշնլ — Վրաստան» (Transparency International Georgia — TI) հասարակական կազմակերպության տվյալներով՝ 2024 թվականի դեկտեմբերից ի վեր քաղաքական հիմքերով աշխատանքից ազատվել է շուրջ 700-ից ավելի պետական ծառայող։
Հետազոտություններում նշված է, որ ամենաշատ ազատումներն արձանագրվել են Պաշտպանության նախարարությունից, Թբիլիսիի քաղաքապետարանից և Հանրային ռեգիստրի ազգային գործակալությունից. շատ դեպքերում ազատման պաշտոնական պատճառները եղել են «վերակազմակերպումը» կամ «պայմանագրի ժամկետի ավարտը», որոնք իրավապաշտպանները համարում են քաղաքական հետապնդումը քողարկելու ձևական հիմքեր։
Հիշեցնենք, «Վրացական երազանք»-ը 2024 թվականի դեկտեմբերից սկսած, մի քանի անգամ շտապ կարգով հետևյալ փոփոխություններն է կատարել «Պետական ծառայության մասին» օրենքում.
• Զգալիորեն թուլացրել են պետական ծառայողների իրավական պաշտպանվածությունը,
• Հեշտացրել են ղեկավար պաշտոններ զբաղեցնող աշխատակիցների ազատումները՝ հիմանվորելով դրանք որպես քաղաքական հայացքներ։
Իրավապաշտպան կազմակերպությունները և փորձագետները խստորեն դատապարտում են այս զարգացումները՝ նշելով, որ դրանք վկայում են պետական համակարգի ամբողջական քաղաքականացման մասին։
«Վրաստանի հայ համայնքային հարթակ»-ի նախագահ Գիորգի Թումասյանը «Ալիք Մեդիա Վրաստան»-ի հետ զրույցում վերոնշյալ իրադարձությունները որակեց Վրաստանում ձևավորվող բռնապետության ևս մեկ դրսևորում։
«Այս ռեպրեսիաները շուտով վերաբերելու են ոչ միայն պետական հատվածին, այլ նաև ոչ պետական, բայց պետության հետ կապ ունեցող խոշոր բիզնեսին»,- ասաց Թումասյանը։
Թումասյանի խոսքով՝ ըստ «Վրացական երազանք»-ի՝ պետք է ամենուր լինեն իրենց աջակցող մարդիկ, և ընդդիմադիր հայացքներ ունեցող մարդիկ պետք է ազատվեն. «Նույնը տեղի է ունենում համալսարանների դեպքում, պարզ է դառնում, որ նախատեսված է աշխատակիցների փոփոխություն, և այն մարդիկ, ովքեր չեն աջակցում իշխանություններին, պետք է ազատվեն. սա բռնապետության ցուցիչ է»։
Վրաստանյան քաղաքացիական հասարակության կազմակերպությունները, ինչպիսիք են Transparency International Georgia-ն, ISFED-ը և այլն, հայտարարել են, որ իշխանության այս գործողությունները նպատակ ունեն պետական ծառայությունն ամբողջությամբ դնելու կուսակցական վերահսկողության տակ և ճնշելու բողոքի ալիքը։
«Ալիք Մեդիա Վրաստան»-ն ավելի վաղ ևս անձրադարձել էր այս թեմային, որը կարող եք կարդալ ստորև.
Պետաշխատողների քաղաքական զտումը ավտորիտար ռեժիմի մեխանիզմ է. փորձագետներ