Ղարիբաշվիլիի նկատմամբ 1 միլիոն լարի գրավ սահմանվեց

«Վրացական երազանք»-ի նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի խափանման միջոց որոշվեց 1 միլիոն լարիի չափով գրավը՝ առանձնապես խոշոր չափերի եկամուտների օրինականացման գործով։ Որոշումը կայացրել է դատավոր Էկա Բարբաքաձեն։

Ղարիբաշվիլիի անձնագիրը բռնագրավվել է, և նրան արգելվել է լքել երկիրը մինչև վերջնական որոշման կայացումը։

Մեղադրող Նաթիա Թաթիաշվիլիի խոսքով՝ կա «նոր հանցագործություններ կատարելու, ապացույցները ոչնչացնելու և վկաների վրա ազդելու ռիսկ», այդ իսկ պատճառով նա միջնորդել է Ղարիբաշվիլիին 1 միլիոն լարի գրավ սահմանել և բռնագրավել նրա անձնագիրը։

Պաշտպանության կողմը համաձայնել է մեղադրանքի կողմի միջնորդությանը։ Մեղադրյալ Իրակլի Ղարիբաշվիլին նույնպես համաձայնել է խափանման միջոցին։

«Ես համաձայն եմ, իհարկե, ասելիք չունեմ», — դատավարության ժամանակ ասել է Ղարիբաշվիլին։

Նախնական դատական ​​նիստը նշանակվել է դեկտեմբերի 16-ին, ժամը 14:00-ին։ Ղարիբաշվիլիին տրվել է 30 օր գրավը վճարելու համար։

Դատախազությունը մեղադրանք է առաջադրել նախկին վարչապետի դեմ սեպտեմբերի 24-ին. Ղարիբաշվիլին չի հերքել մեղադրանքները։

Գլխավոր դատախազ Գիորգի Գվարակիձեի խոսքով՝ իր պաշտոնավարման ընթացքում Ղարիբաշվիլին «գաղտնի և աննկատ ակտիվորեն զբաղվել է տարբեր տեսակի գործարար գործունեությամբ և ստացել է ապօրինի ծագում ունեցող առանձնապես խոշոր չափերի եկամուտներ» և կեղծ տեղեկություններ է տրամադրել իր գույքի հայտարարագրերում՝ պնդելով, որ ամեն տարի ընտանիքի անդամից նվեր է ստացել խոշոր չափի գումարներ։