Մզիա Ամաղլոբելին արժանացել է Լրատվամիջոցների ազատության մրցանակի

Երեկ՝ նոյեմբերի 6-ին, ազատազրկված լրագրող և մեդիամենեջեր Մզիա Ամաղլոբելին Համբուրգում արժանացել է Լրատվամիջոցների ազատության մրցանակի։ Մրցանակը պարգևել են նորվեգական և գերմանական կազմակերպություններ Fritt Ord հիմնադրամը և ZEIT Stiftung Bucerius-ը։

«Ուզում եմ, որ դուք իմանաք` այս մրցանակը պատկանում է ոչ միայն ինձ, այլև իմ գործընկերներին, բոլոր այն վրացի լրագրողներին, որոնք պաշտպանում են խոսքի ազատությունը և դրա համար պայքարում են բռնաճնշումների պայմաններում», — սա Մզիա Ամաղլոբելիի կարճ ուղերձն է, որն ընթերցվել է Համբուրգում կայացած մրցանակաբաշխության ժամանակ։

«Այս ընթացքում նա ստեղծել է երկրի ամենահայտնի և վստահելի հարթակներից երկուսը՝ Batumelebi-ն և Netgazeti-ն։ Նա բազմիցս մարտահրավերների է բախվել իր լրագրողական աշխատանքի համար։ 2025 թվականին նա դատապարտվել է երկու տարի ազատազրկման, ինչը, մարդու իրավունքների կազմակերպությունների գնահատմամբ, կատարվել է քաղաքական դրդապատճառներով։ Նա առաջին կին լրագրողն է, որը Վրաստանում բանտարկվել է քաղաքական դրդապատճառներով` Խորհրդային Միության փլուզումից ի վեր», — ասված է հայտարարության մեջ։

Fritt Ord հիմնադրամը և ZEIT Stiftung Bucerius-ը նշել են, որ Մզիա Ամաղլոբելին դարձել է Վրաստանում անկախ լրագրության դեմքը և պարգևատրվում է լրագրողական էթիկայի և ճշմարտության նկատմամբ իր 25-ամյա նվիրվածության համար։