Գերագույն դատարանի դատավորների թեկնածուների ընտրության ընթացակարգը կփոխվի

Արդարադատության բարձրագույն խորհրդի անդամները գաղտնի կգնահատեն Գերագույն դատարանի դատավորների թեկնածուներին՝ նրանց հրապարակային լսումներից հետո։

«Ընդհանուր դատարանների մասին» օրգանական օրենքում նախատեսվող փոփոխությունների շրջանակներում փոփոխությունը վերաբերում է նաև Գերագույն դատարանի դատավորների թեկնածուների ընտրության ընթացակարգին։

Նախաձեռնողները «Վրացական երազանք» կուսակցության անդամներն են։

Վերացվում է օրենքի պահանջը, որի համաձայն` թեկնածուների գնահատման հիմնավորումները հրապարակային են և հրապարակվում են Արդարադատության բարձրագույն խորհրդի կայքում՝ նշելով Խորհրդի անդամների ինքնությունը։

Նախաձեռնողների խոսքով՝ Գերագույն դատարանի դատավորների թեկնածուների գնահատման ժամանակ, Արդարադատության բարձրագույն խորհրդի անդամների վրա թե՛ արտաքին ուժերի, թե՛ ներքին ուժերի հնարավոր ազդեցությունից խուսափելու համար, թեկնածուների գնահատումները, նաև դրանց հետ կապված քվեարկությունները պետք է անցկացվեն գաղտնի՝ Խորհրդի փակ նիստերում։

Ըստ օրենքի նախագծի` եթե խորհրդարանը չկարողանա որոշում կայացնել Արդարադատության բարձրագույն խորհրդի առաջադրած թեկնածուին ընտրելու վերաբերյալ, խորհուրդը կկարողանա թեկնածուին կրկին ներկայացնել խորհրդարան կամ ընտրության ընթացակարգը վերսկսել։