Այսօր` նոյեմբերի 24-ի ժամը 15:00-ին, Թբիլիսիի քաղաքային դատարանը կլսի Մզիա Ամաղլոբելիի հայցն ընդդեմ Իրակլի Կոբախիձեի։
Այս հայցով Մզիա Ամաղլոբելիի փաստաբանները պահանջում են, որ Իրակլի Կոբախիձեն հրապարակայնորեն հերքի իր տարածած կեղծ տեղեկությունը։
Խնդիրն այն է, որ «Վրացական երազանք»-ի վարչապետը, նաև այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, ձերբակալությունից ի վեր պարբերաբար տարածում են տեղեկություն Մզիա Ամաղլոբելիի դեմ, թե իբր նա «ոստիկանի վրա պիտակ է կպցրել», թե իբր Մզիա Ամաղլոբելին գործել է «հրամանով», ըստ որի` «օտարերկրյա գործակալները պետք է խաթարեն վրացական ոստիկանության աշխատանքը» և այլն։
Փաստաբանների պնդմամբ, այս հայտարարություններն «ակնհայտորեն զրպարտչական բնույթի են և ուղղակիորեն խախտում են Մզիա Ամաղլոբելիի անմեղության կանխավարկածը, ծառայում են հասարակության մեջ նրա նկատմամբ բացասական վերաբերմունքի ձևավորմանը և ամենամտահոգիչը` խրախուսում են հանրությանը հավատալ, որ Մզիա Ամաղլոբելին ծանր հանցագործություն է կատարել»։