Ձերբակալվել է Ալեկո Էլիսաշվիլին. նա ընդունել է մեղքը

Այսօր լուսաբացին ձերբակալվել է «Ուժեղ Վրաստան – Լելո» կոալիցիայի առաջնորդներից մեկը՝ Ալեկո Էլիսաշվիլին։

«Հետաքննությունը պարզել է, որ այս տարվա նոյեմբերի 29-ի լուսաբացին Ալեկո Էլիսաշվիլին, քողարկված, մուրճով կոտրել է Թբիլիսիի քաղաքային դատարանի գրասենյակի շենքի արտաքին ճակատամասի ապակին, մտել է դատարանի գրասենյակի ներքին տարածք, որտեղ բենզին է լցրել տարածքում, այդ թվում՝ գրենական պիտույքների, սարքավորումների և փաստաթղթերի վրա, և փորձել է հրկիզել շենքը։ Դեպքի վայրում նրան բռնել են դատական ​​կատարածուի ծառայության ներկայացուցիչները, որոնց Էլիսաշվիլին դիմադրել է իր մոտ գտնվող հրազենով և ֆիզիկական բռնության ենթարկել։ Չնայած դիմադրությանը՝ Էլիսաշվիլիին տեղում ձերբակալել է դատական ​​կատարածուն։

Դատական ​​կատարածուի ծառայության ներկայացուցիչներից մեկը բախման ժամանակ ստացած վնասվածքներով տեղափոխվել է բժշկական հաստատություն։ Ձերբակալության ժամանակ, դիմադրության պատճառով, Էլիսաշվիլին նույնպես վնասվածքներ է ստացել։

Ոստիկանությունը որպես ապացույց առգրավել է հանցագործության կատարման համար օգտագործված գործիքները։

Այս փուլում հետաքննությունը շարունակվում է Քրեական օրենսգրքի 19-187-րդ հոդվածի համաձայն», — հայտնել են ՆԳՆ-ից։

Ավելի ուշ հայտնի է դարձել, որ  Էլիսաշվիլին ընդունել է մեղքը։ Նրա փաստաբան Գիորգի Ռեխվիաշվիլին լրագրողներին հայտնել է, որ դատարանի շենքը հրկիզելու որոշումը նա կայացրել է գիտակցաբար՝ որպես բողոքի արտահայտություն։

Ըստ փաստաբանի` Էլիսաշվիլիին դատարանի կարգադրիչները դաժանորեն ծեծել և ֆիզիկական վնասվածքներ են հասցրել, երբ նա արդեն ձեռնաշղթայով էր։