Վրաստանի պետական համալսարանները կդադարեցնեն օտարերկրյա ուսանողների ընդունելությունը հաջորդ ուսումնական տարվանից սկսած, հայտարարել է Վրաստանի կրթության նախարար Գիվի Միքանաձեն:
«Հաջորդ ուսումնական տարվանից սկսած պետական համալսարանները այլևս չեն ընդունի արտասահմանցի ուսանողների», — ասել է նա։
Մասնավոր համալսարանները կշարունակեն գործել իրենց ներկայիս ձևաչափով։
Միքանաձեի խոսքով՝ որոշ պետական համալսարաններում օտարերկրյա ուսանողների թիվը ներկայում հասնում է ուսանողների ընդհանուր թվի գրեթե կեսին։ Որպես օրինակ նա բերել է Թբիլիսիի պետական բժշկական համալսարանը։ Նախարարը կարծում է, որ նման համալսարանները պետք է «կենտրոնանան պետության շահերի վրա»։
«Մենք պետք է կենտրոնանանք Վրաստանի քաղաքացիների բարձրորակ կրթության վրա, ինչի վրա էլ շեշտը դնում ենք: Հետևաբար, մենք ասում ենք, որ այսուհետ այլևս այստեղ չենք ընդունի օտարերկրացիների, որոնք, ի դեպ, մի քանի անգամ ավելի են վճարում, քան Վրաստանի քաղաքացիները։ Մենք մասնավոր հատվածի ներկայացուցիչներին ասում ենք` այստեղ կան օտարերկրյա ուսանողներ, կարող եք կենտրոնանալ նրանց վրա», — հայտարարել է կրթության նախարարը։
Վերջին երեք տարվա ընթացքում օտարերկրյա ուսանողների թիվը կրկնապատկվել է, 2021/22 ուսումնական տարում Վրաստանի համալսարաններ է ընդունվել 17 հազար 500 օտարերկրյա ուսանող: