Թբիլիսիի բոլոր մանկապարտեզներում 2026 թվականի հունվարի 15-ից նախատեսվում է գործարկել էլեկտրոնային գրանցման նոր համակարգը։
Այս համակարգը պահանջում է ինչպես երեխաների, այնպես էլ աշխատակազմի անդամների պարտադիր քարտի ընթերցմամբ գրանցում հաստատություն ժամանելիս և հեռանալիս։ Նախագծի շրջանակներում արդեն իսկ տեղադրվել են քարտի ընթերցող սարքեր և համապատասխան տեսահսկման համակարգեր։ Այս նախաձեռնությունը, որն, ըստ փոփոխության հեղինակների, նպատակ ունի բարելավելու անվտանգությունը և կարգապահությունը, լուրջ հարցեր է առաջացրել անձնական տվյալների պաշտպանության և նոր համակարգի գործնական կիրառման վերաբերյալ։
Ինչ է նախատեսում նոր համակարգը
Այս նախագիծը մշակել և իրականացրել է Թբիլիսիի մանկապարտեզների կառավարման գործակալությունը։ Համակարգը նախատեսված է երկու հիմնական նպատակով։ Առաջին պարզաբանմամբ` համակարգն ապահովելու է աշխատակազմի ներկայության և աշխատաժամանակի ճշգրիտ հաշվառումը։
Մանկապարտեզի աշխատակիցները (մանկավարժներ, օգնականներ, տնօրինություն և այլն) պարտավոր են գրանցել իրենց անձնական քարտերը մուտքի մոտ տեղադրված ընթերցիչ սարքերով՝ աշխատանքի ժամանելիս և աշխատանքն ավարտելիս։ Սա պետք է ապահովի աշխատանքային ժամերի ավելի թափանցիկ և արդյունավետ հաշվառումը և կարգապահության բարելավումը։
Երկրորդ հիմնական նպատակը երեխաների ներկայության հսկողությունն ու անվտանգության բարելավումն է։ Երեխաների ծնողները կամ լիազորված անձինք երեխային մանկապարտեզ տանելիս և վերցնելիս նույնպես պետք է գրանցեն երեխայի քարտը։
Ըստ նախաձեռնողների՝ դա նաև նպատակ ունի բարելավելու անվտանգությունը՝ թույլ չտալով, որ երեխան հեռանա հաստատությունից առանց գրանցման կամ լիազորված անձի հետ։
«Ամանորյա տոները Թբիլիսիի մանկապարտեզներում կտևեն դեկտեմբերի 30-ից մինչև հունվարի 15-ը։ Հունվարի 15-ից կրթական գործընթացը կվերականգնվի նշանակալի նորամուծություններով։ Մանկապարտեզների կառավարման գործակալությունն ավարտել է էլեկտրոնային ընդունելության համակարգի ներդրումը։ Նախագծի շրջանակներում տեղադրվել են քարտի ընթերցող սարքեր և համապատասխան տեսահսկման համակարգ։
Մանկապարտեզների վարչակազմը և գործակալության համապատասխան բաժինների մասնագետները վերապատրաստվել են ծրագրերի կառավարման ուղղությամբ։ Տեղեկատվական հանդիպումներ են անցկացվում երեխաների ծնողների հետ՝ ապահովելու համար, որ երեխաները 2026 թվականի հունվարի 15-ից անխափան ընդունվեն մանկապարտեզներ։
Երեխաների ծնողներին կտրամադրվի առավելագույնը 8 պլաստիկ քարտ՝ քարտի կորստի կամ այլ դեպքերում երեխայի գրանցումն ապահովելու համար։ Ավելի հարմար լինելու համար, հատուկ պորտալում գրանցվելով, հնարավոր է ստեղծել QR կոդ և գրանցել քարտի ընթերցողի վրա։
Նախագիծը հաշվի է առնում բոլոր այն հանգամանքները, որոնք «կարող են օգտակար լինել երեխաների և աշխատակիցների էլեկտրոնային գրանցման ժամանակ, լինի դա կոնկրետ աշխատանքային դրույքաչափ, թե հատուկ կրթական կարիքներ ունեցող երեխաների համար հարմարեցված ներկայության գրաֆիկ», — նախագծի մասին մանրամասնել է Թբիլիսիի քաղաքապետ ասել է Կախա Կալաձեն։
Իրավական հիմքը և նախաձեռնողները
Ծրագրի հիմնական նախաձեռնողը և իրականացնողը Թբիլիսիի մանկապարտեզների կառավարման գործակալությունն է, որը գործում է Թբիլիսիի քաղաքապետարանի հովանու ներքո։ Ծրագիրը ներկայացվում է որպես քաղաքային ենթակառուցվածքների և ծառայությունների արդիականացմանն ուղղված բարեփոխումների մաս։
Համակարգի ներդրումը հիմնված է Վրաստանի գործող օրենսդրության, մասնավորապես՝ տեղական ինքնակառավարման մասին օրենքի և համապատասխան գերատեսչական կարգավորումների վրա։
Գործակալությունը պնդում է, որ համակարգը բացառապես ներքին հսկողության և անվտանգության գործիք է և չի հակասում երկրի օրենքներին։ Ծրագիրը ֆինանսավորվել է Թբիլիսիի քաղաքապետարանի բյուջեից։
Հանրային արձագանք և մտահոգություններ
Չնայած Գործակալության պնդումներին, թե նախագիծը բացառապես ուղղված է որակի բարձրացմանը և անվտանգության ապահովմանը, հանրությունը, հատկապես ծնողները, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները և իրավապաշտպանները մի շարք մտահոգիչ խնդիրներ են տեսնում։
Ի պատասխան մտահոգությունների, Թբիլիսիի մանկապարտեզների կառավարման գործակալությունը և Թբիլիսիի քաղաքապետարանի ներկայացուցիչները պարբերաբար հայտարարել են, որ տվյալները պաշտպանված են, և համակարգը մշակվել է Վրաստանի անձնական տվյալների պաշտպանության ծառայության առաջարկությունները հաշվի առնելով։ Նրանք վստահեցնում են, որ տվյալներին մուտք կունենա միայն Գործակալության լիազորած անձնակազմը։ Պնդել են նաև, որ համակարգը կբարձրացնի թափանցիկությունը և կկանխի չարաշահումները՝ ապահովելով, որ բոլոր աշխատակիցները գտնվեն իրենց տեղերում ըստ ժամանակացույցի, ինչն ուղղակիորեն կբարձրացնի կրթության որակը։ Մինչև հունվարի 15-ի ամբողջական գործարկումը համակարգը գտնվում է փորձնական շրջանում։
Անձնական տվյալների պաշտպանությունն ամենամեծ մտահոգությունն է
Երեխայի և աշխատակցի շարժի, ներկայության և ժամանակացույցի վերաբերյալ տվյալների կուտակումը զգայուն տեղեկատվություն է։ Հարցեր են հնչում այն մասին, թե ով է մուտքի իրավունք ունենալու այդ տվյալներին, որքա՞ն ժամանակ կպահպանվեն դրանք, և ի՞նչ պաշտպանության մեխանիզմներ կան տվյալների արտահոսքը կամ չարաշահումը կանխելու համար։
Մանկապարտեզների աշխատակիցները, մասնավորապես արհմիությունները, մտահոգություն են հայտնել, որ համակարգը կօգտագործվի որպես աշխատակիցների մշտական և չհիմնավորված հսկողության գործիք, ինչը կարող է բացասաբար ազդել նրանց աշխատանքային իրավունքների և աշխատանքային մթնոլորտի վրա։
Մյուս կարևոր քննադատությունն այն է, որ համակարգը կարող է ստեղծել անվտանգության կեղծ զգացում։ Քննադատները նշում են, որ միայն գրանցման համակարգը չի ապահովի երեխաների անվտանգությունը, և շեշտը պետք է դրվի մասնագիտական կադրերի պատրաստման, հաստատության ֆիզիկական անվտանգության և աշխատակազմի ու ծնողների միջև անմիջական հաղորդակցության վրա։
«Անա Դոլիձե -ժողովրդի համար» կուսակցության առաջնորդ, իրավաբան Անա Դոլիձեն անդրադարձել է այս խնդրին։
Նրա խոսքով՝ այս հարցի վերաբերյալ որևէ նորմատիվ ակտ չկա, և ոչ ոք չգիտի` ինչու է դա արվում, և որն է այս վերահսկողության նպատակը։
«Ինչո՞ւ է գործակալությանն անհրաժեշտ այս տեղեկատվությունը։ Կամ որտե՞ղ է տանում այս հավաքագրված տեղեկատվությունը՝ պատասխաններ չկան։ Նրանք (նկատի ունի իշխանությանը — հեղ.) նոր բաներ են մտածում, երբ մանկապարտեզներում, օրինակ, սննդի տարրական հարցը դեռ լուծված չէ։
Այս ամենը նաև մի շարք խնդիրներ է ստեղծում ծնողների համար։ Որովհետև այս խցանումների քաղաքում, որտեղ շատ ծնողներ աշխատում են երկու տեղ, երբեմն կարող է ուշացում լինել երեխային մանկապարտեզ բերելու/տանելու հարցում, և դա կարող է խնդիրներ առաջացնել։ Գործակալությունը և Թբիլիսիի քաղաքապետարանը, ծնողներին աջակցելու փոխարեն, հակառակը, խնդիրներ են ստեղծում նրանց համար»,- ասել է նա։