Վրաստանի լրագրողական էթիկայի խարտիան կրկին անդրադարձել է «Բաթումելեբի»-ի և «Նեթգազետի»-ի հիմնադիր Մզիա Ամաղլոբելիի բանտարկությանը: Նշենք, որ Ամաղլոբելին արդեն մեկ տարի կալանավայրում է։
«Այսօր՝ հունվարի 12-ին, լրանում է մեկ տարին այն բանից, երբ Մզիա Ամաղլոբելին ձերբակալվել է քրեական հոդվածով և պահվում է անօրինական կալանքի տակ: Նրան կալանքի տակ պահելը ամոթ է վրացական պետության և կառավարող քաղաքական ուժի համար: Ազատ արձակեք Մզիա Ամաղլոբելիին և հասարակությանը վերադարձրեք պատասխանատու քաղաքացուն, իսկ մասնագիտական հանրությանը՝ բարեխիղճ մասնագետին, հավատարիմ գործընկերոջը և ընկերոջը»,- գրել է խարտիան Ֆեյսբուքում։
2025 թվականի օգոստոսի 6-ին դատավոր Նինո Սախելաշվիլին լրագրող Մզիա Ամաղլոբելիին դատապարտեց 2 տարի ազատազրկման։
Մզիա Ամաղլոբելին ձերբակալվել է 2025 թվականի հունվարի 11-ին՝ Բաթումիի ոստիկանապետ Իրակլի Դգեբուաձեի վրա հարձակման մեղադրանքով։