Սագարեջոյում քաղաքացու ունեցվածքը կբռնագրավվի

Սագարեջոյի մունիցիպալիտետում քաղաքացուց գույք կբռնագանձվի հարկադիր կարգով, նշված է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարի հրամանագրում։ Խոսքը էքսպրոպրիացիայի (սեփականազրկման) իրավունքի մասին է, որն այս դեպքում տրվել է Ենթակառուցվածքների նախարարությանը։

Գործը վերաբերում է Թբիլիսի-Սագարեջո և Սագարեջո-Բակուրցիխե ավտոճանապարհի բարելավման նախագծին, որն իրականացնում է Վրաստանի ճանապարհների դեպարտամենտը։ Ըստ փաստաթղթի՝ նախագծային ճանապարհի ընդհանուր պլանը ներառում է երկու հիմնական հատված՝ Թբիլիսի-Սագարեջո (մոտ 35 կմ) և Սագարեջո-Բակուրցիխե (մոտ 45 կմ)։ Ճանապարհի ընդհանուր երկարությունը կազմում է մոտ 80 կմ, որն սկսվում է Թբիլիսիի արևելյան մասից և ավարտվում Բակուրցիխեում, որտեղ միանում է Բակուրցիխե-Ծնորի ճանապարհին։ Այս միջանցքն անցնում է Սագարեջոյի, Գուրջաանիի, Սիղնաղիի և Լագոդեխիի մունիցիպալիտետների տարածքով։

Հրամանագրում նշված է, որ նախագծի իրականացման նպատակով մշակվել է հողերի գնման և վերաբնակեցման գործողությունների պլան, որը նախատեսում է փոխհատուցում տրամադրել այն սեփականատերերին, որոնց գույքը հայտնվել է նախագծի ազդեցության գոտում։

Սակայն, չնայած տարվող բանակցություններին, դեպարտամենտին չի հաջողվել համաձայնության հասնել քաղաքացի Մակղվալա Օրվելաշվիլիի հետ՝ նրան պատկանող գույքի կամավոր վաճառքի շուրջ։ Խոսքը Սագարեջոյի մունիցիպալիտետի Մզիսգուլի գյուղում գտնվող 2660 քմ մակերեսով գյուղատնտեսական հողատարածքի, դրա վրա առկա բազմամյա տնկիների և փոքր շինության մասին է։