Թբիլիսիի քաղաքապետարանը մայիսի 1-ից կֆինանսավորի թոքերի քաղցկեղի սքրինինգը

Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի հայտարարության համաձայն՝ մայիսի 1-ից «Հիվանդությունների սքրինինգ» ծրագրին կավելանա թոքերի քաղցկեղի սքրինինգը, որի ֆինանսավորումը կապահովի Թբիլիսիի քաղաքապետարանը։

Կալաձեի պարզաբանմամբ՝ ծրագրի շրջանակներում մեկ պացիենտի ֆինանսավորման համար մայրաքաղաքի բյուջեից կհատկացվի 10 հազարից մինչև 235 հազար լարի։
Թբիլիսիի քաղաքապետի խոսքով՝ մունիցիպալիտետն իրականացնում է բազմաթիվ ծրագրեր ուռուցքային հիվանդությունների դեմ պայքարի ուղղությամբ և այդ գործընթացում հետագայում էլ կշարունակի աջակցել բնակչությանը։

Կալաձեի հավաստմամբ՝ մայրաքաղաքի բյուջեում առանձնահատուկ տեղ են զբաղեցնում առողջապահության և սոցիալական ծառայությունների ուղղությունները։

«Փետրվարի 4-ը Քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրն է։ Թբիլիսիի քաղաքապետարանն այս նենգ հիվանդության դեմ պայքարում մշտապես կանգնած է բնակչության կողքին և իրականացնում է բազմաթիվ ծրագրեր՝ ինչպես սքրինինգային, այնպես էլ բուժման համար անհրաժեշտ, ինչը կշարունակվի նաև ապագայում։ Բյուջեում հատուկ տեղ է հատկացված առողջապահության և սոցիալական ապահովության ոլորտներին։ Մենք ունենք բազմաթիվ կարևոր ծրագրեր, որոնցով օգնում ենք այն ընտանիքներին ու մարդկանց, ովքեր մեր աջակցության կարիքն ամենաշատն ունեն»,- ասել է Կալաձեն։

Նրա տեղեկացմամբ՝ Առողջապահության և սոցիալական ծառայությունների քաղաքային վարչությունն ուռուցքային հիվանդությունների կանխարգելման և բուժման նպատակով իրականացնում է հետևյալ ծրագրերը.

  •  «Հիվանդությունների սքրինինգ»,
  •  «Ոսկրածուծի փոխպատվաստում»,
  • «Կրծքագեղձի քաղցկեղի բուժման դեղորայքի ֆինանսավորում»։                                «Բժշկական կարիքների ֆինանսավորում» ծրագրի շրջանակներում ֆինանսավորվում են ուռուցքային հիվանդների այլ կարիքներ ևս։