Խստացնում են «Դրամաշնորհների մասին» օրենքը. արձագանքներ

«Վրացական երազանք»-ն օրեր առաջ հայտարարել է «Դրամաշնորհների մասին» օրենքում նոր փոփոխությունների մասին, որոնց նպատակը, ըստ կուսակցության պարզաբանման, մինչ այժմ ընդունված օրենքները «շրջանցելու ուղիները» փակելն է՝ երկիրը «հեղափոխությունից պաշտպանելու համար»։

«Մենք փոփոխություններ ենք մտցնում օրենսդրության մեջ, որպեսզի ապագայում ոչ ոք չկարողանա այլընտրանքային ուղի գտնել Վրաստանում երկրի սահմաններից դուրս անկարգություններն ու բռնությունները ֆինանսավորելու համար», — հայտարարել են կուսակցությունից։

Կուսակցության պլանավորած փոփոխությունների մասին հունվարի 28-ին մեծամասնության նիստից հետո ասել է «Վրացական երազանք»-ի առաջնորդներից մեկը՝ Իրակլի Կիրցխալիան, մասնավորապես՝

  • Խստացվում են կանոնները օտարերկրյա ֆինանսավորման, քաղաքական ակտիվության և կուսակցական գործունեության վերաբերյալ
  • Ի հայտ է գալիս ազատազրկման վտանգ
  • Փոփոխությունները նախատեսում են «արտաքին լոբբիզմի» քրեականացում
  • Կուսակցության անդամակցությունն արգելվում է «օտարերկրյա գործակալ» համարվող կազմակերպությունների աշխատակիցներին
  • Պատժամիջոցներ են սահմանվում ընկերությունների համար «հանրային քաղաքական ակտիվության» դեպքում։
    Առայժմ օրինագծերի փաթեթը չի հրապարակվել. տեքստը հիմնված է Իրակլի Կիրցխալիայի պարզաբանումների վրա։

Փոփոխություններն ավելի մանրամասն

Փոփոխություններ «Դրամաշնորհների մասին» օրենքում

Հստակեցվում է «դրամաշնորհ» հասկացությունը։ Դրամաշնորհ կհամարվի ոչ միայն այն, ինչը նախկինում սահմանված էր օրենքով, այլև ցանկացած անձից ցանկացած անձի փոխանցված

  • Դրամական կամ բնաիրային տեսքով փոխանցված ռեսուրսները,
  • Տեխնիկական օգնությունը,
  • Տեխնոլոգիաների, գիտելիքի, փորձի, հմտությունների փոխանակումը,
  •  Ծառայությունները և այլ ձևի օգնությունը, եթե դրանք ուղղված են կամ կարող են ուղղված լինել.
  1. Վրաստանի իշխանության, պետական հիմնարկների կամ հասարակության որևէ հատվածի վրա ազդեցություն գործելուն (կամ տրված լինեն այդ «համոզմամբ կամ մտադրությամբ»),
  2. Ուղղված լինեն Վրաստանի ներքին կամ արտաքին քաղաքականության ձևավորմանը, իրականացմանը կամ փոփոխմանը,
  3. Ծառայում են կամ կարող են ծառայել այնպիսի գործունեության, որը բխում է օտարերկրյա պետության կառավարության կամ օտարերկրյա քաղաքական կուսակցության քաղաքական կամ հանրային շահերից, մոտեցումներից կամ հարաբերություններից։

«Նման դրամաշնորհ ստանալը անձը կկարողանա միայն Վրաստանի կառավարության նախնական թույլտվությամբ», — հայտարարել է Կիրցխալիան։

Փոփոխությունների համաձայն՝ սահմանվում է «այլ պետական իրավաբանական անձի հասկացությունը, որի գործունեությունն էապես ներառում է Վրաստանի հետ կապված հարցերով ակտիվություն»։

Այս նորմով արտասահմանում գրանցված կազմակերպությունը, որն «էապես գործունեություն է ծավալում Վրաստանում», պարտավոր կլինի ֆինանսավորում ստանալուց առաջ դիմել Վրաստանի կառավարությանը՝ թույլտվություն ստանալու համար։ «Հակառակ դեպքում նրան քրեական պատասխանատվություն կսահմանվի», — նշել են կուսակցությունից։

«Եթե ոչ ռեզիդենտ իրավաբանական անձի ներկայացուցչությունը, մասնաճյուղը կամ բաժանմունքը դրամաշնորհ է ստանում այն իրավաբանական անձից, որի մասնաճյուղն է հանդիսանում, ապա այդ մասնաճյուղին դրամաշնորհ ստանալու համար անհրաժեշտ է Վրաստանի կառավարության նախնական համաձայնությունը»։

Եթե այս «մասնաճյուղը» դրամաշնորհը ստանա առանց համաձայնության, նա կենթարկվի վարչական պատասխանատվության՝ «ապօրինի ստացված դրամաշնորհի կրկնապատիկի չափով տուգանքի ձևով»։

Քրեական իրավունք և «փողերի լվացում»

Փոփոխություններ են կատարվում նաև Քրեական օրենսգրքում։
«Դրամաշնորհների մասին օրենքով սահմանված կանոնների խախտման համար սահմանվում է քրեական պատասխանատվություն»։

Այս կամ այն խախտումը կառաջացնի

  • Տուգանք,
  •  Հանրային օգտակար աշխատանք՝ 300-ից 500 ժամ տևողությամբ,
  • 6-ից 9 տարի ազատազրկում։
    Քրեական օրենսգրքի 194-րդ հոդվածին (որը նախատեսում է «փողերի լվացում») ավելանում է ծանրացուցիչ հանգամանք.

«Փողերի լվացումը Վրաստանի քաղաքական հարցերով ակտիվություն իրականացնելու նպատակով կառաջացնի 9-ից 12 տարի ազատազրկում»։
«Քրեական պատասխանատվություն կսահմանվի նաև այն քաղաքական կուսակցության ղեկավար պաշտոնատար անձի նկատմամբ, ով կխախտի քաղաքացիների քաղաքական միավորումների մասին օրգանական օրենքը», — նշել է Կիրցխալիան։

«Արտաքին լոբբիզմ» — մինչև 6 տարի ազատազրկում

Քրեորեն պատժելի է դառնում նաև «արտաքին լոբբիզմը»։ Ըստ Կիրցխալիայի՝ սա նշանակում է.
«Այլ պետության քաղաքացուն կամ իրավաբանական անձին Վրաստանի հետ կապված քաղաքական հարցերով ակտիվություն իրականացնելու դիմաց փողի, արժեթղթի, այլ գույքի, գույքային օգուտի կամ որևէ այլ առավելության ուղղակի կամ անուղղակի փոխանցում»։

«Արտաքին լոբբիզմը» կպատժվի տուգանքով, հանրային աշխատանքով (300-500 ժամ) կամ մինչև 6 տարի ազատազրկմամբ։

Կուսակցությունների սահմանափակում

Փոխվում է նաև «Քաղաքական կուսակցությունների մասին» օրենքը։ Սահմանվում է կուսակցության անդամակցության անհնարինության նոր հիմք.
«Այն անձին, ով աշխատանքային պայմանագրով աշխատում է այն կազմակերպությունում, որի տարեկան եկամտի ավելի քան 20%-ը ստացված է օտարերկրյա ուժից, արգելվում է քաղաքական կուսակցության անդամ լինել ութ տարի ժամկետով»։

Սա նշանակում է, որ եթե մարդն աշխատում է մի կազմակերպությունում, որը «Վրացական երազանք»-ի իշխանությունը համարում է «գործակալական», նրան կարգելվի լինել կուսակցության անդամ։ Իսկ կուսակցության անդամի ֆինանսական գործունեության մոնիտորինգը կիրականացնի Պետական աուդիտի ծառայությունը։

Այն սահմանափակումները, որոնք ունեն կուսակցությունները, կտարածվեն նաև այս սուբյեկտների վրա։
Եթե կուսակցության ղեկավարը կամ վերոնշյալ «սուբյեկտը» ստանա օտարերկրյա ֆինանսավորում, կենթարկվի քրեական պատասխանատվության։

Տուգանք ձեռնարկատերերի համար

Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում ավելանում է նոր խախտում։
Եթե ընկերությունն իրականացնում է հանրային քաղաքական ակտիվություն, որը կապված չէ նրա հիմնական ձեռնարկատիրական գործունեության հետ, նրա նկատմամբ պատժամիջոց կկիրառվի։ Աուդիտի ծառայությունը նրան կտուգանի նախ 20 հազար լարիով, իսկ կրկնվելու դեպքում՝ 40 հազար լարիով։

«Հեղափոխության փորձեր»

Իրակլի Կիրցխալիան հայտարարել է, որ «այսօրվա դրությամբ Վրաստանում արտասահմանից անկարգությունների, բռնության և հեղափոխական գործընթացների ֆինանսավորումը զգալիորեն բարդացված է»։
Նա կրկնել է կուսակցության դիրքորոշումը, թե երկիրը վերջին հինգ տարում «հեղափոխության մի քանի փորձ» է հաղթահարել։

«Պրակտիկայում տեսնում ենք, որ դեռ մնում են որոշակի մեխանիզմներ, օրենքները շրջանցելու ուղիներ, որոնց օգտագործումը կարող է մեր երկրի համար արժենալ մեծ ջանքերով պահպանված խաղաղության, հանգստության, տնտեսական առաջընթացի և բարեկեցության կորուստ», — հայտարարել է նա։

Այս թեմայի շուրջ հասարակության մեջ առկա են տարբեր կարծիքներ և մոտեցումներ: Հնչում են խիստ քննադատական տեսակետներ, որոնք այս փոփոխությունները դիտարկում են որպես քաղաքացիական ազատությունների և քաղաքական գործունեության աննախադեպ սահմանափակում։ 

Վրաստանում մարդու իրավունքների իրավիճակը կտրուկ վատթարացել է 2025 թվականին, գրել է Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը 2026 թվականի փետրվարի 3-ին հրապարակված զեկույցում։

«Համաշխարհային զեկույց 2026»-ի համաձայն՝ «Վրացական երազանք»-ը լայնածավալ օրենքներ է ընդունել, որոնք ուղղված են քաղաքացիական հասարակության, անկախ լրատվամիջոցների և խաղաղ բողոքի ցույցերի դեմ պայքարին։

Զեկույցում մեջբերվում են մարդու իրավունքների պաշտպանության խմբերի պնդումները, որ ձեռնարկված միջոցառումները համակարգված ջանքեր են այլախոհությունը ճնշելու համար։

Նշված է, որ բռնաճնշումները նաև խորացրել են Վրաստանի քաղաքական մեկուսացումը Եվրամիությունից։

Եվրահանձնաժողովի խոսնակը «Ազատություն» ռադիոկայանին ասել է, որ «Վրացական երազանք»-ի նախաձեռնած փոփոխությունները, որոնց մասին կուսակցությունն ասում է, թե դրանք «չեն հակասում Եվրամիության իրավունքին», ուժի մեջ մտնելու դեպքում «լիակատար հակասության մեջ կմտնեն եվրոինտեգրման հետ»։

Օրինագիծն արդեն քվեարկել են և ընդունել առաջին ընթերցմամբ։

Ոչ կառավարական կազմակերպություններից մեկը՝ «Սոցիալական արդարության կենտրոնը», այսպես է գնահատում փոփոխությունները.

«Այս փոփոխությունները պետության վերահսկողությանն են ենթարկում և քրեականացնում ցանկացած անձի քաղաքական ինքնարտահայտումը, եթե այդ անձը ֆինանսական միջոցներ է ստանում այլ պետության քաղաքացուց կամ իրավաբանական անձից»։

Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օ’Ֆլահերտին նույնպես արձագանքել է «Դրամաշնորհների մասին» և մի շարք այլ օրենքներում նախատեսված փոփոխություններին։ Նրա խոսքով՝ այս փոփոխությունները վտանգի տակ կդնեն քաղաքացիական հասարակության օրինական գործունեությունը.

«Մտահոգված եմ յոթ տարբեր օրենքներում առաջարկվող փոփոխություններով, որոնք ընդունվելու դեպքում զգալի սահմանափակումներ կդնեն քաղաքացիական հասարակության կազմակերպությունների վրա։ Այս առաջարկներն անհամատեղելի են միջազգային իրավունքով ստանձնած Վրաստանի պարտավորությունների հետ՝ ապահովելու միավորումների ազատության իրավունքը։ Խնդրում եմ խորհրդարանին մերժել այս փոփոխությունները և կոչ եմ անում իշխանություններին վերահաստատել իրենց հավատարմությունը քաղաքացիական տարածքի և հիմնարար ազատությունների պաշտպանությանը»։

Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարը պարզաբանել է, որ այս փոփոխությունների նպատակն է լրջորեն խարխլել Վրաստանի քաղաքացիական հասարակությունը, ինչը, ըստ Օ’Ֆլահերտիի, սկսվել է դեռևս 2024 թվականից։

«Ալիք Մեդիա Վրաստան»-ի հետ զրույցում «Ժողովրդավարության հետազոտական ​​ինստիտուտի» (DRI) հիմնադիր, Վրաստանի հանրային նախկին պաշտպան Ուչա Նանուաշվիլին նշեց, որ այս փոփոխությունները շատ ավելի խիստ ու սահմանափակող են, քան ռուսական, բելառուսական կամ ադրբեջանական օրենքները.

«Այս փոփոխությունները շատ ավելի խիստ ու սահմանափակող են, քան ռուսական, բելառուսական կամ ադրբեջանական օրենքները և լիովին հակասում են Վրաստանի Սահմանադրությանն ու օրենսդրությանը։ Գործնականում սա սպանում է յուրաքանչյուր անկախ, իշխանությունից տարբերվող գաղափար ու ակտիվություն և սահմանում է ծայրահեղ սահմանափակումներ»,- ընդգծեց նա։

«Սոցիալական արդարության կենտրոն»-ի հավասարության քաղաքականության ծրագրի տնօրեն Թամթա Միքելաձեի խոսքով՝ երկրում իրավունքի բազային շրջանակն ու քաղաքական ազատություններն այլևս գոյություն չունեն։ Ըստ Միքելաձեի, նոր սահմանափակումները իրավունքի դեգրադացիայի և քաղաքացու քաղաքական իրավունքների չեղարկման ամենածանր, կործանարար և աներևակայելի դեպքն է.

«Տնտեսական ուժերին ամբողջությամբ զրկում են քաղաքական գործունեության ազատությունից, ինչը ժողովրդավարության հիմնարար կանոնն է և հակասում է ռեսուրսների մրցակցության ու դրանց քաղաքականացման տրամաբանությանը։

Բոլոր ակտիվ քաղաքացիներին, նույնիսկ ֆիզիկական անձանց շատ հեշտությամբ կպարտադրեն քաղաքական սուբյեկտի իրավական շրջանակը և կկանգնեցնեն ստուգման, վերահսկողության ու պատժի ծանրագույն ռիսկերի առջև։

Օտարերկրյա ուժի շահերը սպասարկող կազմակերպությունների խարանումը հասնում է նրան, որ այն կազմակերպություններում աշխատող մարդկանց, որտեղ օտարերկրյա ֆինանսավորումը գերազանցում է 20%-ը, արգելվում է լինել քաղաքական կուսակցության անդամ։

Այս խառնաշփոթ օրենքին, որը ցանկացած տիպի ֆինանսական օգնություն (որն ունի լայն իմաստով հասարակական և քաղաքական չափում) դիտարկում է որպես դրամաշնորհ, տալիս են հետադարձ ուժ։ Կառավարությունից համաձայնություն ստանալու և հակառակ դեպքում պատժվելու կանոնը տարածում են նաև նախկինում կնքված պայմանագրերի վրա։ Հետևաբար, խախտում են քրեական իրավունքում հետադարձ ուժի արգելքի սկզբունքը»,- գրել է նա։

Նրա դիտարկմամբ՝ գործնականում, օրենքի գրեթե բոլոր նորմերի խախտումը հանգեցնում է քրեական և ոչ թե վարչական պատասխանատվության. այսինքն՝ տեղի է ունենում հասարակական և քաղաքական գործունեության ոլորտի գրեթե ամբողջական քրեականացում.  «Բողոքի մասնակիցներին անվանում են հեղափոխականներ (բացատրագրերը հագեցած են հենց այս լեզվով), բայց եթե մեր մեջ կա հեղափոխական, դա «Վրացական երազանք»-ն է, որը խորհրդարանում ուզուրպացված իշխանությամբ իրականացնում է սահմանադրական հեղաշրջում (coup by law)»։

Ըստ հավասարության քաղաքականության ծրագրի տնօրենի՝ պատմականորեն քաղաքացիական հասարակությունն այն տարածքն է, որտեղ ծնվում են ապագա քաղաքական գործիչներն ու քաղաքական կուսակցությունները։ Սա ժողովրդավարության բազային տրամաբանությունն է. մարդիկ, ովքեր աշխատում են հասարակական դաշտում փոփոխությունների համար, հետո տեղափոխվում են քաղաքականության ոլորտ։ Սա քաղաքականությունը «ներքևից վերև» արտադրելու հիմնական շրջանակն է, որը հասարակական ուժերին, առաջնորդներին, գաղափարներին և նոր ազդակներին տալիս է քաղաքական փոփոխությունների և, ի վերջո, քաղաքականության մեջ ինստիտուցիոնալացվելու պոտենցիալ։

«Վրաստանում, որպես անցումային ժողովրդավարություն, այնպես ստացվեց, որ հասարակական դերակատարների մոտ 95%-ը գործել և գործում է միջազգային ֆինանսավորմամբ։ Մեզ մոտ՝ որպես աղքատ և հակասոցիալական պետություն, որտեղ էլիտաները զավթել են իշխանությունը, և ներքևում մարդկանց օգտակար գործերի համար ռեսուրսներ չեն հասել, սա սոցիալական փոփոխությունների, բարեփոխումների վրա աշխատելու և ինքնակազմակերպվելու միակ միջոցն էր։

Հիմա, սա փակելով, «Վրացական երազանք»-ը հրաժարվում է ժողովրդավարության բազային կանոնից, և քաղաքականությունը մնում է որպես էլիտաների ինքնավերարտադրման համակարգ, որտեղ իշխանությունը բազմապատկում է ինքն իրեն և հասարակությանը թողնում առանց ներկայացուցչության»,- գրել է Միքելաձեն։