ԹՊՀ-ն ու ՎՏՀ-ն չեն միավորվի. ակադեմիական հանրության արձագանքներն ամփոփ

«Տեխնիկական համալսարանը չի միավորվի Թբիլիսիի պետական ​​համալսարանի հետ», — փետրվարի 9-ի ճեպազրույցի ժամանակ ասել է Իրակլի Կոբախիձեն։

Այս թեման վերջին օրերին մեծ հնչեղություն էր ձեռք բերել Վրաստանում։ Միավորման որոշման չեղարկումը հասարակությունը դրական է գնահատել։

Ինչ էր կատարվում

Հատկանշական է, որ օրեր առաջ հայտնի էր դարձել, որ բարձրագույն կրթության բարեփոխումների շրջանակներում Թբիլիսիի պետական համալսարանը և Տեխնիկական համալսարանը պետք է միավորվեին։ Միացման մասին հայտարարել էր «Վրացական երազանք»-ի կառավարության կրթության նախարար Գիվի Միքանաձեն։

«Ռեկտորների հետ նախնական խորհրդակցությունների հիման վրա որոշում ենք կայացրել Թբիլիսիի պետական համալսարանի և Վրաստանի տեխնիկական համալսարանի միավորման մասին։
Սա նախադրյալ կլինի այն բանի, որ Իվանե Ջավախիշվիլիի անվան Թբիլիսիի պետական համալսարանը դառնա տարածաշրջանում ակադեմիական և գիտական զարգացման առաջատար կենտրոն և զգալիորեն բարելավի իր միջազգային վարկանիշը»,- հայտարարել էր Գիվի Միքանաձեն, — կստեղծվի կառավարման ժամանակավոր մարմին՝ խորհուրդ, և կնշանակվեն ռեկտորի ու ռեկտորի տեղակալների պաշտոնակատարներ, որոնք կիրականացնեն վերակազմավորման գործընթացը»։

Գիվի Միքանաձեն ասել էր, որ դրանով չի կրճատվի ուսանողների և անձնակազմի թիվը։
Բարձրագույն կրթության համակարգում նախատեսվող բարեփոխումների մասին առաջին անգամ «Վրացական երազանք»-ի վարչապետ Իրակլի Կոբախիձեն խոսել է անցյալ տարվա հոկտեմբերի 17-ին իշխանամետ «Իմեդի» հեռուստաընկերության եթերում։

Կոբախիձեն այն ժամանակ հայտարարել էր, որ գործող կրթական համակարգը չի կարող դիմագրավել ժամանակակից մարտահրավերներին ու ստանդարտներին, և «Վրացական երազանք»-ն ունի «հավակնոտ նպատակ»՝ ուսանողները Վրաստանում ստանան նույնպիսի կրթություն, ինչպիսին ստանում են արտասահմանում։

«Վրացական երազանք»-ի  կառավարությունը ծրագրում է համալսարանական կրթության բարեփոխում, որը ներառում է ֆակուլտետների կրճատում՝ «մեկ քաղաք — մեկ ֆակուլտետ» սկզբունքով։

Բարեփոխումը նպատակաուղղված է պետական համալսարանների ֆինանսավորման համակարգի փոփոխմանը։ Համալսարաններից քննադատական դիրքորոշում էր հայտնել Իլիայի պետական համալսարանը։

«Դադարեցնել Վրաստանի տեխնիկական համալսարանի միավորման գործընթացը Թբիլիսիի պետական համալսարանի հետ և նախքան հարցի քննարկումը խորհրդարանում անցկացնել հանրային քննարկում». այսպիսի պահանջով Վրաստանի խորհրդարանին և կառավարությանը դիմել են ՎՏՀ-ի պրոֆեսորադասախոսական կազմը, հետազոտողները և ուսանողները։

«Վրացական երազանք»-ին ուղղված հայտարարության հեղինակները «խորին մտահոգություն» էին հայտնել երկու համալսարանների միավորման ծրագրի կապակցությամբ և նշել, որ կառուցվածքային որոշումները պետք է հիմնվեն հանրային, հիմնավորված քննարկման վրա։ Նման քննարկում նրանք պատկերացնում են կամ համալսարանում՝ «խորհրդարանի կրթության հանձնաժողովի և կառավարության ներկայացուցիչների» ներգրավմամբ, կամ «կրթության, գիտության և երիտասարդական հարցերի հանձնաժողովի խորհրդարանական քննարկմանը»՝ ՎՏՀ ակադեմիական և գիտական հանրության ներկայացուցիչների մասնակցությամբ։

«Վրաստանի տեխնիկական համալսարանի ինքնավարության և ակադեմիական ազատության պաշտպանությունն ազգային նշանակության հարց է և ծառայում է երկրի երկարաժամկետ կրթական, գիտատեխնիկական զարգացմանը»,- ասված էր հայտարարության մեջ։

Տեքստի համաձայն՝ «104-ամյա Վրաստանի տեխնիկական համալսարանը ներկայացնում է վրացական տեխնիկական և ինժեներական կրթության հիմքը»։

Տեքստում թվարկված են այն ձեռքբերումները, որոնց ՎՏՀ-ն հասել է տարիների ընթացքում՝ երկրի ներսում թե միջազգային ասպարեզում։

«Նշված նորմերի համակարգային մեկնաբանությունը ցույց է տալիս, որ համալսարանի հարկադիր միավորումը մեկ այլ հաստատության հետ՝ առանց նրա ակադեմիական հանրության համաձայնության, ինքնավարության սահմանափակում է և հակասում է օրենքի նպատակին ու ոգուն»,- գրված է տեքստում։

Հայտարարության հեղինակները նաև հանրագիր էին մշակել համալսարանների միավորման դադարեցման պահանջով։

Վրաստանի տեխնիկական համալսարանի ակադեմիական խորհուրդը տարածել էր հայտարարություն, որում գնահատված է երկու պետական համալսարանների՝ Թբիլիսիի պետական համալսարանի և Վրաստանի տեխնիկական համալսարանի միավորման մասին որոշումը։ Դրանում նաև ասվում է, որ միավորումը համալսարանի ինքնավարության սկզբունքի սահմանափակում է, որը երաշխավորված է Վրաստանի Սահմանադրության 27-րդ հոդվածով։

Որոշման մեջ, որին կողմ էր քվեարկել ակադեմիական խորհրդի 36 անդամ, և ոչ ոք դեմ չէր եղել, դրական է գնահատված կառավարության նախաձեռնած բարձրագույն կրթության բարեփոխումների գաղափարը, սակայն հստակ դիմադրություն էր արտահայտված համալսարանի ինքնավարության սահմանափակմանը և առանց նրա կամքի Թբիլիսիի պետական համալսարանի հետ հնարավոր միավորմանը։

Խորհուրդը կառավարությանը դիմել էր դադարեցնել ենթաօրենսդրական ակտերի հրապարակումը՝ առանց կարիքների ուսումնասիրության և առանց համալսարանի ներկայացուցիչների հետ հարցի քննարկման ու նրանց համաձայնության։

Իլիայի պետական համալսարանի կրթության և քաղաքականության բնագավառում պրոֆեսոր Քեթի Ցոտնիաշվիլին արձագանքելով վերոնշյալ թեմային, գրել էր, որ համալսարանի կառավարումն իր էությամբ և օրենքով հիմնված է կոլեգիալության և ներկայացուցչականության սկզբունքի վրա: Հետևաբար, համալսարանների կառավարող օղակներն ակադեմիական և ներկայացուցչական խորհուրդներն են, որոնք իրենց հերթին ներկայացնում են բոլոր ֆակուլտետների ակադեմիական անձնակազմին ու ուսանողներին, պաշտպանում և ծառայում են նրանց շահերին, որոշումներն էլ ընդունվում են հենց կոլեգիալ և ներկայացուցչական սկզբունքների հիման վրա.

«Միքանաձեն միայն երկու ռեկտորների հետ պայմանավորված հարցը ներկայացնում է որպես արդեն կայացված որոշում: Սա ողջ ակադեմիական հանրության, ուսանողների և նույնիսկ ակադեմիական ավանդույթի նկատմամբ անհարգալից վերաբերմունք է և դրա ոտնահարում: Փաստորեն, 3-5 հոգի կամ ընդհանրապես մեկ մարդ է որոշում կայացնում համալսարանների ապագայի վերաբերյալ: Այն, ինչ Միքանաձեն թվարկել է իր հայտարարության մեջ, թե իբր ինչպիսի վերլուծության վրա է հիմնված այս որոշումը, այդ տեքստը վերցված է մեր գրած հայտարարությունից: Այսինքն՝ մեր հայտարարության միջոցով են հասկացել, թե իրականում ինչ հետազոտություններ պետք է անցկացնեին, և անամոթաբար գրել են, թե իբր հենց դրա վրա են հիմնվել: Ակնհայտ է, որ մեր այն հայտարարությանը, որով պահանջում էինք ներկայացնել հետազոտություններն ու վերլուծությունները, պատասխան չենք ստացել: Քանի դեռ կարծում եք, թե «ոչինչ իմաստ չունի», 1 մարդ և նրան հնազանդ 3-5 անիրազեկ մարդ որոշում կկայացնեն մեր ապագայի վերաբերյալ»,-հավելել էր պրոֆեսորը։

Համալսարաները չեն միավորվի

Լրագրող և խմբագիր Աննա Գվարիշվիլիի խոսքով՝ ակադեմիական շրջանակների ցուցաբերած զանգվածային և հազվադեպ դիմադրության ֆոնին, «Վրացական երազանք»-ը հետ կանգնեց Թբիլիսիի պետական համալսարանի (ԹՊՀ) և Տեխնիկական համալսարանի միավորման որոշումից։

«Սա իսկապես ակադեմիական հանրության հաղթանակն է, և հասարակությունը դա միայն այդպես կարող է ընկալել։ Խնդրում եմ, մի՛ տրվեք դավադրությունների տեսություններին: Մեկ անգամ փորձեք և տոնեք հաղթանակը։ Այնուամենայնիվ, այս պատմության մեջ ևս մեկ կարևոր բան կա։

Պրոֆեսորնե՛ր, տեսնո՞ւմ եք, թե որքան մեծ ուժ ունեն ձեր ընդվզումն ու կոլեկտիվ դիմադրությունը։ Օգտագործե՛ք դա»,- գրել է նա։

Ըստ Իլիայի պետական համալսարանի կրթության և քաղաքականության բնագավառում պրոֆեսոր Քեթի Ցոտնիաշվիլիի՝ անփոփոխ է մնում այն փաստը, որ նախարարությունը չունի պատասխաններ բարեփոխումների հետ կապված էական հարցերի վերաբերյալ.

«Մեր հարցերի պատասխանները, որոնցով պաշտոնական հայտարարությամբ դիմել էինք նախարարությանը, դեռևս չենք ստացել:

Այս հարցերի պատասխանների տրամադրումն անհրաժեշտ պայման է բարեփոխումների շուրջ բովանդակային քննարկումների համար»,- ընդգծել է պրոֆեսորը։

Սոցիոլոգ Յագո Կաչկաչիշվիլին ողջունել է համալսարանների միավորումը չեղարկող նախագիծը՝ շեշտադրելով այլ «վնասակար բարեփոխումների առկայությունը».

«ԹՊՀ-ի և ՎՏՀ-ի միավորման անհեթեթ որոշման չեղարկումն իսկապես անզիջում պայքարի արդյունք է և շնորհավորանքի արժանի լուր։

Այնուամենայնիվ, բոլոր հանդիպումների ժամանակ ես ասում էի, որ այս երկու համալսարանների միավորումը պետք է դիտարկել ավելի լայն համատեքստում և պայքարել այն ընդհանուր վնասակար սկզբունքների դեմ, որոնք կոչվում են «բարեփոխումներ»։ Այդպիսի հիմնարար սկզբունքներից մեկն է «մեկ քաղաք — մեկ ֆակուլտետ» մոդելը։ Իշխանությունն ակտիվորեն հղում է անում այս սկզբունքին և այդպիսով փորձում է փրկել սեփական հեղինակությունը Տեխնիկական համալսարանի լուծարման ձախողված նախագծից հետո։ Բարեկամներ, «մեկ քաղաք — մեկ ֆակուլտետ» սկզբունքը վնասակար է. դուք նման պրակտիկա չեք տեսնի ոչ մի քաղաքակիրթ երկրի մեծ քաղաքներում»,- գրել է սոցիոլոգը՝ հավելելով, որ պայքարը պետք է շարունակվի «կեղծ բարեփոխման» վնասակար սկզբունքների դեմ։

Ըստ տնտեսական հարցերով փորձագետ Ակակի Ցոմաիայի՝ վաղ է ուրախանալ, որ երկու բարձրագույն ուսումնական հաստատությունները (ԲՈՒՀ) չեն միավորվի։

«Չէ՞ որ «ռուսական օրենքն» էլ երկրորդ անգամ հետ բերեցին ու ընդունեցին։ Իմ կարծիքով՝ այս հարցին նույնպես դեռ կվերադառնան։

Նրանց համար, ովքեր խնդիրը տեսնում են միայն ԲՈՒՀ-ի կարգավիճակի մեջ, բայց կողմ են այսպես կոչված «բարեփոխմանը», վատ լուր ունեմ։ Հենց որ ռեժիմը հաղթահարի մյուս արգելքները, նորից օրակարգ կբերի ԲՈՒՀ-ների միավորման հարցը։ Եվ առաջին հերթին հաշվեհարդար կտեսնի հենց նրանց հետ, ումից սկզբնական փուլում դիմադրություն չէր սպասում»,-գրել է Ցոմաիան։