Երեկվա օրը համառոտ. մարտի 15

Վրաստանի խորհրդարանն «Ապաօլիգարխացման մասին» և «Ընդհանուր դատարանների մասին» օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ այսօր Վենետիկի հանձնաժողովից եզրակացություն է ստացել։

Թբիլիսիի փոխքաղաքապետ Իրակլի Խմալաձեի խոսքով՝ մետրոպոլիտենի «Գոցիրիձե» կայարանը կբացվի մոտ մեկ շաբաթից։

Վրաստանի պատրիարքարանի մամլո դիվանը տեղեկացնում է, որ երեկ՝ մարտի 14-ին, Վրաստանի խորհրդարանի մոտ «Ալտ-Ինֆո» անվամբ հայտնի հոմոֆոբ և ռուսամետ «Պահպանողական շարժում» կուսակցության կազմակերպած ցույցին մասնակցած հոգևորականին նամակ են ուղարկել:

Վրաստանի 10-րդ գումարման խորհրդարանի պատգամավորների հեռախոսային զանգերի համար երկու տարում՝ 2021-2022 թվականներին, ծախսվել է 42 հազար 698 լարի 87 թեթրի (մոտ 16 հազար 422 դոլար):

Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տվյալներով, 2023 թվականի փետրվարին, հունվար ամսվա համեմատ, կենսապահովման մակարդակը նվազել է 50 թեթրիով։

Թբիլիսիի քաղաքապետարանը և սակրեբուլոն նոր ծրագրեր են մշակել պատմական թաղամասերում վթարային շենք-շինությունների փոխարինման-վերականգնման համար։

Վրաստանի նորընտիր հանրային պաշտպան Լևան Իոսելիանին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել բոլոր տուժած ցուցարարներին, ովքեր կարծում են, որ մարտի 7-9-ի բողոքի ակցիաների ժամանակ ոտնահարվել է իրենց արտահայտվելու իրավունքը, իշխանություններն անհամաչափ ուժ են կիրառել, կամ քաղաքական հետապնդում են սկսել։

Եվրախորհրդարանի պատգամավոր Վիոլա ֆոն Կրամոնն արձագանքել է Վրաստանում կատարվող վերջին իրադարձություններին` անդրադառնալով նաև հոմոֆոբ ու ռուսամետ «Պահպանողական շարժում» կուսակցության, որը հայտնի է նաև «Ալտ-Ինֆո» անվամբ, ԵՄ դրոշն այրելու միջադեպին։

Եվրախորհրդարանական Աննա Ֆոտիգան հայտարարել է, որ «Վիվամեդ» կլինիկայում գտնվող նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի բուժման նպատակով Վրաստան ժամանելու պատրաստակամություն հայտնա բժշկական փորձագետների խումբն ու ինքնաթիռը կազմուպատրաստ են, սակայն Վրաստանի կառավարությունը մինչ օրս լուռ է։

Վրաստանի նախկին վարչապետ, այժմ ընդդիմադիր «Վրաստանի համար» կուսակցության առաջնորդ Գիորգի Գախարիայի խոսքով, իշխող «Վրացական երազանք» կուսակցությունն է կազմակերպել Եվրամիության դրոշի այրումը` դրանով իսկ ուղերձ հղելով ԵՄ պատվիրակությանը։