Պատրիարքարանը քննադատում է «Ալտ-Ինֆո»-ի հանրահավաքին մասնակցած հոգևորականին

Վրաստանի պատրիարքարանի մամլո դիվանը տեղեկացնում է, որ երեկ՝ մարտի 14-ին, Վրաստանի խորհրդարանի մոտ «Ալտ-Ինֆո» անվամբ հայտնի հոմոֆոբ և ռուսամետ «Պահպանողական շարժում» կուսակցության կազմակերպած ցույցին մասնակցած հոգևորականին նամակ է հղվել:

Հանրահավաքում հնչել են սպառնալիքներ, ինչն անընդունելի է պատրիարքարանի համար։

«Մարտի 14-ի բողոքի ակցիայի ժամանակ հոգևորականը գործել է կամայական, ավելին, նա խախտել է եկեղեցական կանոնը, և նրա կոչերը նպաստել են հասարակության բևեռացմանը… Վիրավորական կոչերը, հայհոյանքները և, առավել ևս, հոգևորականի կողմից քարեր նետելը դեմ են եկեղեցական էթիկետին։

Այսօր Վրաստանին անհրաժեշտ է խաղաղություն ինչպես երկրի ներսում, այնպես էլ միջազգային ասպարեզում։ Բռնության յուրաքանչյուր փաստ, բևեռացման և անհանգստություն առաջացնելու փորձ, ցանկացած կողմից թելադրված անհավասարակշիռ կոչ հեռու է Եկեղեցուց»,- նշված է հայտարարության մեջ։

Հայտարարության մեջ, ի դեպ, «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի դեմ  մարտի 7-9-ի հանրահավաքը, նույն համատեքստում է դիտարկվում, ինչ «Ալտ-Ինֆո»-ի մարտի 14-ի հանրահավաքը։

«Մոլոտովյան կոկտեյլներով, իրավապահներին հրկիզելու, խորհրդարանի շենքում հրդեհ բռնկելու փորձերը միանգամայն անընդունելի են։ Անընդունելի է նաև հանրահավաքում աղոթքների հետ քաղաքացիների հասցեին սպառնալիքներ հնչեցնելը, ինչին երեկ ականատես եղանք»,- նշված է հայտարարության մեջ։

Ի դեպ, հոմոֆոբ և ռուսամետ «Պահպանողական շարժում» կուսակցությունը, որը հայտնի է նաև «Ալտ-Ինֆո» անվամբ, Վրաստանի խորհրդարանի դիմաց ցույց էր կազմակերպել: Ռուսամետ քաղաքական կուսակցության առաջնորդներն իջեցրել են ԵՄ դրոշը, ոտքերով կանգնել դրոշի վրա, հետո` այրել։

Ռուսթավելի պողոտայում հավաքվածները ցանկացել են ԵՄ դրոշի փոխարեն կախել Վրաստանի դրոշը, ինչը կանխել են տեղ հասած մի քանի ոստիկաններ։ Իրավապահները ձերբակալել են «Ալտ-Ինֆո»-ի ղեկավարներից Զուրաբ Մախարաձեին։ Հանրահավաքում հակաարևմտյան և վիրավորական բացականչություններ են հնչել։

Հանրահավաքի կազմակերպիչները 3 պահանջ են ներկայացրել՝ հանրաքվե անցկացնել և «գործակալներին տալ իրենց անունները», ինչպես նաև հուլիսի 5-ին ձերբակալվածներին ազատ արձակել ու պատժի ենթարկել նրանց, ովքեր, ըստ իրենց՝ «հեղաշրջում էին կազմակերպել»:

Սա առաջին դեպքը չէ, երբ ռուսամետ խմբավորումները խորհրդարանի մոտ իջեցնում և այրում են ԵՄ դրոշը։ Նրանք դա արեցին 2021 թվականի հուլիսի 5-6-ի ցույցերի ժամանակ` երկու անգամ ցած քաշելով խորհրդարանի դիմաց բարձրացված ԵՄ դրոշը։ Ընդգծենք, որ մարտի 7-8-9-ին «օտարերկրյա գործակալների» օրինագծերի դեմ բողոքող խաղաղ ցուցարարների ընտանիքներին «Ալտ-Ինֆո»-ի անդամները սպառնացել են: Ըստ տեղեկությունների՝ «Ալտ-Ինֆո»-ն ֆինանսավորվում է հենց Ռուսաստանից:

Իշխանությունն իր նպատակների համար օգտագործում է ռուսամետներին. կարծիքներ