Թբիլիսիի քաղաքային դատարանն ուժի մեջ է թողել Վրաստանի նախկին վարչապետ Գիորգի Գախարիայի նկատմամբ խափանման միջոց հեռակա կալանքը՝ կապված Չորչանայի հսկիչ կետի հետ։
Որոշումը կայացրել է Թբիլիսիի քաղաքային դատարանի դատավոր Վալերիան Բուգիանիշվիլին։Դատավորը բավարարել է մեղադրող կողմի միջնորդությունը։
Ըստ դատախազության` Գիորգի Գախարիան միակողմանիորեն որոշում է կայացրել Չորչանա գյուղի մոտ գտնվող օկուպացիոն գծի երկայնքով լրացուցիչ ոստիկանական հսկիչ կետ տեղադրելու մասին։
Մեղադրական եզրակացության մեջ նշված է, որ «վերոնշյալ գործողություններն օկուպացիոն ռեժիմի ներկայացուցիչներն օգտագործել են որպես Վրաստանի տարածքային ամբողջականության դեմ գործողությունների պատրվակ»։
Գիորգի Գախարիային մեղադրանք է առաջադրվել Վրաստանի քրեական օրենսգրքի 25-րդ, 117-րդ հոդվածների 3-րդ մասի ենթակետով և 333-րդ հոդվածի 2-րդ մասով, որոնք որպես պատժի ձև և չափ նախատեսում են մինչև 13 տարի ազատազրկում։