Խորհրդարանի գնագոյացման հանձնաժողովը. փորձագիտական կարծիքներ և տնտեսական հետևանքներ

Վրաստանի խորհրդարանում սննդամթերքի, դեղորայքի և վառելիքի գնագոյացման կառուցվածքն ուսումնասիրելու նպատակով ժամանակավոր հանձնաժողովի ստեղծումը դարձել է լայն քննարկումների առարկա։ Թեման միաժամանակ սոցիալական, տնտեսական և քաղաքական բնույթ ունի, քանի որ վերաբերում է քաղաքացիների առօրյա կյանքի ամենազգայուն ոլորտներին։

Հանձնաժողովը ստեղծվել է «Վրացական երազանք»-ի վարչապետ Իրակլի Կոբախիձեի 2025 թվականի դեկտեմբերի 30-ի հրամանագրով։

Հանձնաժողովի անդամներն են «Վրացական երազանք»-ի կառավարության հետևյալ անդամները.

1. Մարիամ Քվրիվիշվիլի՝ էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար

2. Դավիթ Սոնղուլաշվիլի՝ շրջակա միջավայրի պաշտպանության և գյուղատնտեսության նախարար

3. Լաշա Խուցիշվիլի՝ ֆինանսների նախարար

4. Միխեիլ Սարջվելաձե՝ առողջապահության նախարար

5. Մամուկա Մդինարաձե՝ ՊԱԾ ղեկավար

6. Լևան Ժորժոլիանի՝ կառավարության վարչակազմի ղեկավար

7. Իրակլի Լեքվինաձե՝ մրցակցության և սպառողների պաշտպանության գործակալության տնօրեն։

Ըստ նախաձեռնողների՝ Հանձնաժողովն իր գործունեությունն իրականացնում է խորհրդարանական համապատասխան հանձնաժողովի հետ համագործակցությամբ։

Գնաճը Վրաստանում վերջին տարիներին դարձել է ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական թեմա։ Առաջին անհրաժեշտության ապրանքների՝ հատկապես սննդի, դեղորայքի և վառելիքի գների փոփոխությունները, ըստ բնակչության, անմիջապես անդրադառնում են հասարակական տրամադրությունների վրա։

Հիմնական նպատակները և ակնկալիքները

• Թափանցիկություն. աշխատանքի ընթացքում հանրությանը կտրամադրվի մանրամասն տեղեկատվություն սննդամթերքի իրական արժեքի և գնագոյացման կառուցվածքի մասին։

• Վերահսկողություն. կբացահայտվեն այն օղակները, որտեղ հնարավոր է գների «անտրամաբանական» հավելագրումներ լինեն։

• Արդյունք. հանձնաժողովի անդամները հույս ունեն, որ գների նվազումը կսկսվի աստիճանաբար՝ հենց աշխատանքային գործընթացին զուգահեռ։

Հանձնաժողովն արդեն հանդիպումներ է ունեցել դեղատնային ցանցերի և դեղագործների ասոցիացիայի, վրացական արտադրողների, մանրածախ առևտրի ոլորտի, բաշխիչ ընկերությունների և նավթային ընկերությունների ներկայացուցիչների հետ։ Նաև հայտարարվել է, որ հանձնաժողովը նախատեսում է ավարտել իր աշխատանքն ապրիլի վերջին։ Հիշեցնենք նաև, որ «Վրացական երազանք»-ի վարչապետ Իրակլի Կոբախիձեն 2025 թվականի դեկտեմբերի 24-ին հայտարարել էր, որ եվրոպական և վրացական սննդամթերքի գների միջև մեծ տարբերությունը պայմանավորված է բաշխիչ ընկերությունների և շուկաների բարձր գներով, որոնք միջինում կազմում են 86%՝ վրացական սահմանից մինչև վաճառասեղան։ Դեկտեմբերի 24-ին Պետական ​​անվտանգության ծառայությունը հայտարարել էր, որ սկսում է ուսումնասիրել սննդամթերքի գների հետ կապված հարցը։

Ըստ տնտեսագետների՝ ծախսերը բաղկացած են հաստատուն և փոփոխուն մասերից. յուրաքանչյուր նոր օբյեկտ ավելացնում է ծախսը, բայց զուգահեռաբար աճում է նաև վաճառքի ծավալը։ Ոլորտի մաանագետները նշում են, որ գործարարը նոր օբյեկտ է բացում միայն այն դեպքում, եթե ակնկալում է տնտեսական օգուտ. եթե վաճառքի ծավալն աճում է համամասնորեն ավելի արագ, ապա հաստատուն ծախսերն արտադրանքի մեկ միավորի հաշվով նվազում են։

«Ալիք Մեդիա Վրաստան»-ի հետ զրույցում միջազգային հարաբերությունների փորձագետ, նախկին դիվանագետ Զուրաբ Փարջիանին բարձրաձայնեց հանձնաժողովի վստահելիության հարցը, և երկրորդ՝ կոմպետենտության (մասնագիտական կարողության) հարցը;

«Գների ուսումնասիրման հանձնաժողովը, որը կազմված է 7 թե 8 միլիոնատերերից և պետք է ուսումնասիրի գները, վստահություն չի ներշնչում։

Ես մեծապես կասկածում եմ, որ այս մարդիկ երբևէ եղել են որևէ խանութում, որպեսզի համեմատեին գները, օրինակ՝ «2 Nabiji»-ում կամ «Նիկորայում», տեսնեին, թե որտեղ են ցածր գներ կամ զեղչեր եղել։ Այստեղից էլ առաջանում է, նախ, վստահելիության հարցը, և երկրորդ՝ կոմպետենտության (մասնագիտական կարողության) հարցը։ Այս գները վաղուց են բարձրացած, և ես խիստ կասկածում եմ, որ այս մարդիկ իրականում ինչ-որ բան կհետազոտեն»,- ընդգծեց Փարջիանին։

Այս համատեքստում տնտեսագետները բարձրաձայնում են օբյեկտների կրճատման թեման ևս։ Տնտեսական հարցերով փորձագետ Ակակի Ցոմաիայի խոսքով՝ օբյեկտները փակելով գները չեն նվազի։

«Օբյեկտները փակելով գները չեն նվազի. ընդհակառակը՝ կաճեն։ Սպառողների ավելցուկային հոսքը կբաշխվի մնացած բոլոր օբյեկտների վրա, ինչը կազդի սպասարկման որակի և թողունակության վրա, իսկ դա կարգավորելու և լրացուցիչ շահույթ ստանալու միակ ճանապարհը գների բարձրացումն է։ Օբյեկտների կրճատումը կհանգեցնի գործազրկության աճի։
Իսկ այն, որ օբյեկտների փակման հետևանքով անշարժ գույքի սեփականատերերը կկորցնեն վարձակալության եկամուտը, դա ոչինչ, հա՞։ Մտածե՞լ եք, թե սա ինչ ազդեցություն կունենա անշարժ գույքի շուկայի վրա։ Ընդհանրապես, ի՞նչ եք ուզում»,- գրել է նա։

Տնտեսագետ, քաղաքագետ Ռոման Գոցիրիձեն կարծում է, որ գների շուրջ այս քարոզչական արշավը շուտով կմոռացվի. կբարձրանան գները, թե ոչ՝ կախված է իշխանության (Ազգային բանկի և կառավարության) քաղաքականությունից, այլ ոչ թե որևէ առևտրային օբյեկտում «գնային հավելագրի» չափից։

«Կառավարության պլանը հետևյալն է. նրանք սուպերմարկետներին առաջարկում են նվազեցնել գները, իսկ փոխարենը խոստանում են փակել փոքր ու միջին չափի խանութները և սպառողներին ուղղորդել դեպի խոշոր ցանցեր։ Դրանով ոչ միայն կփոխհատուցվի գների նվազեցմամբ պայմանավորված կորուստը, այլև նրանք ավելի շատ եկամուտներ կստանան։

Իսկ ինչպե՞ս կարելի է ազատ շուկայի պայմաններում փակել առևտրային օբյեկտները։ Միայն դրանց ֆինանսական սնանկացման միջոցով։ Իսկ ավտորիտար ռեժիմներում՝ վարչական միջամտությամբ, բռնաճնշումներով և ուժայինների մասնակցությամբ ստեղծված հանձնաժողովների նման կազմավորումներով։

Առևտրային օբյեկտների կրճատումը սուպերմարկետների ցանցերի համար կստեղծի «ջերմոցային պայմաններ», ինչը վերջնարդյունքում կհանգեցնի գների է՛լ ավելի մեծ աճի»,- ընդգծել է նա` հավելելով, որ այս իշխանության օրոք գների կայունության մասին պետք չէ  երազել։