Վրաստանի հանրային պաշտպանը կուսումնասիրի «Հանրակրթության մասին» Վրաստանի օրենքում կատարված փոփոխությունը, որի համաձայն՝ 2026 թվականի ուսումնական տարում երեխան պետք է 6 տարեկան դառնա մինչև ընթացիկ ուստարվա սեպտեմբերի 15-ը՝ հանրակրթական հաստատությունում ուսումն սկսելու համար։
Օմբուդսմենի գրասենյակի լրատվական ծառայության հաղորդմամբ՝ 2026 թվականի փետրվարի 27-ին Հանրային պաշտպանը հանդիպել է այն ծնողներից մի քանիսի հետ, որոնց երեխաները 6 տարեկան կդառնան 2026 թվականի սեպտեմբերի 16-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը։
Հանրային պաշտպանը, իր լիազորությունների շրջանակներում, կուսումնասիրի, թե որքանով են պաշտպանվել երեխայի լավագույն շահերը օրենքում կատարված փոփոխությունների կայացման գործընթացում, և ինչ հնարավոր ազդեցություն կարող են ունենալ այդ փոփոխությունները երեխաների իրավունքների վրա։