Վրաստանն ապացուցեց, որ Հարավային գազային միջանցքի անփոխարինելի մասնակից է. Քվրիվիշվիլի

«Վրացական երազանք»-ի կառավարության էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Մարիամ Քվրիվիշվիլիի խոսքով՝ Վրաստանն ապացուցել է, որ Հարավային գազային միջանցքի ակտիվ աջակիցն ու անփոխարինելի մասնակիցն է։ Նա այս հայտարարությունն արել է Հարավային գազային միջանցքի խորհրդատվական խորհրդի 12-րդ նախարարական համաժողովի ժամանակ։

Քվրիվիշվիլիի տեղեկացմամբ՝ Ադրբեջանի մայրաքաղաքում նախարարական համաժողովի բացման արարողությանն իր ելույթում խոսել է այս ձևաչափում երկրների միջև համագործակցության կարևորության մասին՝ հանուն անվտանգ և կայուն էներգետիկ ապագայի։

«Հարավային գազային միջանցքն այն իրողության վառ օրինակն է, թե ինչի կարող ենք հասնել համատեղ ջանքերով։ Այս միջանցքը զգալիորեն ամրապնդել է էներգետիկ անվտանգությունն ու դիվերսիֆիկացիան. Վրաստանը հպարտ է, որ այս գործընթացում մասնակցում է որպես հուսալի տարանցիկ երկիր։ Վրաստանն ապացուցել է, որ Հարավային գազային միջանցքի ակտիվ աջակիցն ու անփոխարինելի մասնակիցն է և հավատարիմ է ռազմավարական գործընկերությանն ու բոլոր ներգրավված կողմերի միջև փոխշահավետ համագործակցությանը»,- հայտարարել է Մարիամ Քվրիվիշվիլին։

Իր ելույթում նա նշել է, որ Վրաստանը, գտնվելով աշխարհի արևմուտքի և արևելքի խաչմերուկում, հայտնվել է սպառող և մատակարար երկրների միահյուսված շահերի էպիկենտրոնում։ Նա շեշտը դրել է երկրի դերի վրա էներգետիկ դիվերսիֆիկացման գործընթացում։

«Մեր երկրի համար չափազանց կարևոր է «կամրջի» ֆունկցիա կատարել ոչ միայն տնտեսական, քաղաքական, սոցիալական և մշակութային հարթություններում, այլև էներգետիկայի ոլորտում։ Մեր երկրի տարածքով փոխադրվող բնական գազը վճռորոշ նշանակություն ունի միջազգային, հատկապես Եվրամիության էներգետիկ շուկաների դիվերսիֆիկացման և մատակարարման անվտանգության բարելավման համար։ Վրաստանն արդեն իսկ դրսևորել է անսասան աջակցություն տարածաշրջանային տարանցիկ նախաձեռնություններին։

Հաշվի առնելով էներգետիկ դիվերսիֆիկացման և կայունության կարևորությունը՝ նպատակահարմար է քննարկել միջազգային էներգետիկ նախագծերի նշանակությունը և ողջունել համագործակցության ցանկացած առաջարկ, որը կնպաստի էներգետիկ հատվածում առողջ ու կայուն միջավայրի ստեղծմանը և կբավարարի քաղաքացիների կարիքները տարածաշրջանում ու դրանից դուրս»,- հայտարարել է նախարարը։

Բաքվում Հարավային գազային միջանցքի խորհրդատվական խորհրդի 12-րդ նախարարական համաժողովը բացվել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ելույթով։ Միջոցառմանը մասնակցել է էներգետիկայի հարցերով եվրահանձնակատար Դեն Յորգենսենը։
Նախարարական համաժողովին և դրա շրջանակներում կայացած հանդիպումներին մասնակցել են Վրաստանի պատվիրակության անդամները՝ էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարի տեղակալներ Գենադի Արվելաձեն, Թամար Իոսելիանին և Ադրբեջանի Հանրապետությունում Վրաստանի դեսպան Զուրաբ Պատարաձեն։