Թբիլիսիի մետրոյի «Վարկեթիլի» կայարանը մարտի 16-ից ուղևորներին կրկին կսպասարկի սովորական ռեժիմով՝ 06:00-ից մինչև 00:00-ն: Չնայած կայարանն ամբողջությամբ բացվել է, վերականգնողական աշխատանքները դեռ չեն ավարտվել:
Թբիլիսիի քաղաքապետարանի պարզաբանմամբ՝ աշխատանքների հիմնական մասն ավարտված է, ինչի պատճառով կչեղարկվի ժամանակավոր N174 ավտոբուսը, որն ուղևորներին տեղափոխում էր մինչև «Սամգորի» կայարան:
Այս փուլում աշխատանքների մեծ մասն իրականացվել է ստորին հարթակում: Թբիլիսիի տրանսպորտային ընկերության տվյալներով՝ ավարտվել են ստորին հարթակի և շարժասանդուղքների թեք թունելի երեսպատման աշխատանքները, մշակվել են առաստաղի կոռոզիայի ենթարկված մակերեսները և դատարկությունները լցվել են հատուկ լուծույթներով՝ ջրի արտահոսքը կանխելու համար:
Այնուամենայնիվ, վերականգնումն այսքանով չի ավարտվել: Վերին նախասրահի վնասված կառուցվածքների (կրող երկաթբետոնե հեծանների) ամրացումը դեռ առջևում է: Այժմ ընթանում է միայն նախագծի պատրաստումը, որից հետո կսկսվեն բուն աշխատանքները:
«Վարկեթիլի» կայարանի վերականգնումը սկսվել էր 2016 թվականին՝ Դավիթ Նարմանիայի քաղաքապետության օրոք և ավարտվել 2017 թվականի սեպտեմբերին: Այն ժամանակ աշխատանքներն արժեցել էին գրեթե 350 հազար լարի: 2018 թվականի հունվարի 30-ին վերանորոգված «Վարկեթիլի» կայարանում կախովի առաստաղը փլուզվեց: 2022 թվականին կայարանի վերականգնման համար հերթական պայմանագիրը կնքվեց «Մամիսոն» ընկերության հետ, սակայն ընկերության պարտավորությունները չկատարելու պատճառով շուտով լուծարվեց:
Դրանից հետո՝ 2023 թվականի փետրվարին, «Վարկեթիլի» կայարանի վերականգնման համար կնքվեց 13.4 միլիոն լարի արժողությամբ պարզեցված գնման պայմանագիր Հենց այս ընկերության հետ պայմանագրի արժեքն աճեց մինչև 14.7 մլն լարի, որին գումարվեց նաև թեք թունելի վերականգնման 1.8 միլիոն լարին, ինչը հանրագումարում կազմում է 16.5 միլիոն լարի:
Կնքված պայմանագրի համաձայն՝ աշխատանքները պետք է ավարտվեին պայմանագրի կնքումից հետո 18 ամսվա ընթացքում: Վերջին պայմանագրի ժամկետը լրացել էր 2024 թվականի սեպտեմբերի 22-ին, սակայն նախ երկարաձգվեց մինչև նոյեմբերի 17-ը, հետո՝ դեկտեմբերի 30-ը, իսկ այժմ՝ մինչև 2026 թվականի մարտի 31-ը: