Թբիլիսիի քաղաքապետարանը հրատապ անհրաժեշտության հիմքով նախատեսում է իրականացնել 3 մլն 367 հազար լարի արժողությամբ շինարարական աշխատանքների գնում, որը նախատեսում է Ռուսթավի-Օրթաճալա կապող արագընթաց ճանապարհի վնասված հատվածի վերականգնումը:
Գնումն ընդգրկում է «շրջադարձային կամրջից մինչև Գ. Գուլուայի փողոց» հատվածը, որտեղ նախատեսված է ափապաշտպան պատի և ճանապարհային ենթակառուցվածքների վերականգնում։ Պայմանագրի կատարման ժամկետ է սահմանվել 2026 թվականի մարտի 27-ից հուլիսի 27-ն ընկած ժամանակահատվածը։
Քաղաքապետարանի տեղեկացմամբ՝ նշված հատվածում վնասվել են Քուռ (Մտկվարի) գետի ափապաշտպան կառույցն ու պատնեշները, նաև արձանագրվել է ասֆալտապատ մայթի մոտ 35-40 մետր հատվածի վնասում և տարբեր ուղղությունների ճաքեր։ Առկա ափապաշտպան պատը շեղված է ուղղահայաց դիրքից և մասնակիորեն կորցրել է իր գործառույթը։
Շրջակա միջավայրի ազգային գործակալության մասնագետների իրականացրած գնահատման համաձայն՝ վնասը պայմանավորված է գետի էրոզիոն ազդեցությամբ և մթնոլորտային տեղումներով, ինչը հանգեցրել է կառույցի հիմքի լվացմանը և կոնստրուկտիվ կայունության խաթարմանը:
Եզրակացության մեջ նշված է նաև, որ գարնանային վարարումների շրջանում առկա է վնասվածքների խորացման ռիսկ, ինչը վտանգ կներկայացնի ինչպես հետիոտների տեղաշարժի, այնպես էլ ավտոմոբիլային ճանապարհի գործունեության համար։
Քաղաքապետարանի պարզաբանմամբ՝ գեոդինամիկ գործընթացների ակտիվացման առաջնային նշաններն ի հայտ են եկել անսպասելիորեն, ինչի պատճառով անհրաժեշտություն է ծագել պլանավորել հրատապ միջոցառումներ։
Նախագծի շրջանակներում նախատեսվում է կառուցել նոր կապիտալ ափապաշտպան կառույց, որը պետք է հիմնվի մայր ապարների վրա և իրականացվի ինժեներա-երկրաբանական ու հիդրոլոգիական հետազոտությունների հիման վրա։
Քաղաքապետարանի փոխանցմամբ՝ աշխատանքների չկատարման դեպքում առկա է մունիցիպալ գույքի վնասման և քաղաքում անվտանգ տեղաշարժի խափանման ռիսկ։