Անցյալ տարի Գուրիայում տեղացած առատ ձյան հետևանքով տուժած ընտանիքները կստանան 30 հազարից մինչև 50 հազար լարի փոխհատուցում։ Համապատասխան կարգադրությունը վարչապետ Իրակլի Կոբախիձեն ստորագրել է մարտի 19-ին։
Փաստաթղթի համաձայն՝ կառավարության պահուստային ֆոնդից մունիցիպալիտետներին կհատկացվի 10,4 մլն լարի, որից՝
Օզուրգեթիի մունիցիպալիտետին՝ 4,9 մլն լարի,
Լանչխութիի մունիցիպալիտետին՝ 2,25 մլն լարի,
Չոխատաուրիի մունիցիպալիտետին՝ 3,25 մլն լարի։
Փոխհատուցման չափը մեկ ընտանիքի համար սահմանվել է հետևյալ կերպ.
50 հազար լարի՝ եթե տուժած ընտանիքը սեփականության իրավունքով գրանցված այլընտրանքային բնակելի տարածք չունի;
30 հազար լարի՝ եթե տուժած ընտանիքն ունի կամ ունեցել է գրանցված այլընտրանքային բնակելի տարածք, որն օտարել է 2025 թվականի փետրվարի 21-ից հետո։
«Սույն կարգադրության շրջանակներում տրված փոխհատուցումը հիմք չի հանդիսանա «Սոցիալապես անապահով ընտանիքների տվյալների միասնական բազայում» գրանցված ընտանիքների սոցիալ-տնտեսական վիճակի վերստուգման համար։ Այդ ընտանիքներն ազատվում են ստացված փոխհատուցման մասին Սոցիալական ծառայությունների գործակալությանը տեղեկացնելու պարտավորությունից»,- նշված է փաստաթղթում:
Կարգադրության համաձայն՝ Օզուրգեթիի, Լանչխութիի և Չոխատաուրիի մունիցիպալիտետները պետք է իրականացնեն փոխհատուցումների փոխանցման համար անհրաժեշտ բոլոր միջոցառումները։
Հիշեցնենք. Գուրիայում առատ ձյունից տուժածներին օգնելու համար պահուստային ֆոնդից գումար էր հատկացվել նաև անցյալ տարվա ամռան վերջին՝ 11,7 մլն լարիի չափով։