Թբիլիսիի մետրոյի «Վարկեթիլի» կայարանի վերին նախասրահում փորձաքննությունը հայտնաբերել է «ճեղքերի անթույլատրելի չափեր», ինչի հետևանքով աշխատանքը դադարեցվել է։ Այս տեղեկությունը տարածել է Գնումների գործակալության կայքը։
Փաստաթղթից պարզ է դառնում, որ փորձաքննությունն իրականացրել է Սամխարաուլիի անվան փորձագիտական բյուրոն։
«2025 թվականի սեպտեմբերի 23-ի եզրակացությամբ հաստատվել է ուժային բնույթի ճեղքերի անթույլատրելի մեծությունը և անհամապատասխանությունը նորմատիվներով նախատեսված չափերին։ Համապատասխանաբար, «Թբիլիսիի տրանսպորտային ընկերության» նամակի համաձայն՝ աշխատանքը կասեցված է, և տվյալ տարածքում վերականգնողական աշխատանք այլևս չի իրականացվում»,- ասված է Թբիլիսիի քաղաքապետարանի տրանսպորտային ընկերության և կապալառու «Բադա Քոնսթրաքշն»-ի միջև պայմանագրի երկարաձգման մասին համաձայնագրում։
Պայմանագրի ժամկետը տեղափոխվել է մինչև մայիսի 31-ը։ Փաստաթղթի համաձայն՝ առաջին փուլում պետք է ամրացվի նախասրահի կոնստրուկցիան, որից հետո ընկերությունը պետք է ավարտի աշխատանքը 60 օրվա ընթացքում։
Նշենք, որ «Վարկեթիլի» կայարանի վերանորոգումը սկսվել է 2022 թվականի դեկտեմբերի 21-ին։ Դրա ամբողջական վերականգնումն արժի ավելի քան 15 միլիոն լարի։ Աշխատանքն իրականացնում է «Բադա Քոնսթրաքշն» ՍՊԸ-ն, որին ի սկզբանե տրվել էր 18 ամիս ժամկետ, ինչը նշանակում է, որ աշխատանքը պետք է ավարտվեր մինչև 2024 թվականի հունիսի 21-ը։