«Շնորհակալություն». այսպիսի բացականչություններով են Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ գտնվող ակցիայի մասնակիցները դիմավորել Ապրիլի 9-ի հուշահամալիր այցելած Վրաստանում Գերմանիայի դեսպան Պիտեր Ֆիշերին։
Դիվանագետը քիչ առաջ հարգանքի տուրք է մատուցել ապրիլի 9-ի զոհերի հիշատակին։
«Այս օրը Վրաստանի համար նշանակում է ազատություն և անկախություն»,- լրագրողների հետ զրույցում ասել է նա։
«Այստեղ 1989 թվականի ապրիլի 9-ի իրադարձությունները տեղի ունեցան Բեռլինի պատի անկումից կես տարի առաջ։ Հետևաբար, սա կապում է Վրաստանն ու Գերմանիան, նաև աշխարհի բոլոր այն ժողովուրդներին, որոնք ձգտում են դեպի ազատություն և անկախություն»,- հայտարարել է Ֆիշերը։
Դիվանագետը չի պատասխանել Վրաստանում ընթացող քաղաքական գործընթացների վերաբերյալ հարցին։
«Վրացական երազանք»-ի անդամների այցը Ռուսթավելիի պողոտա՝ Ապրիլի 9-ի հուշահամալիր, ուղեկցվել է բողոքի ակցիայով և «ստրուկներ», «ռուսներ», «ամոթ» բացականչություններով։
Տեղեկության համաձայն՝ մինչ Իրակլի Կոբախիձեի, Շալվա Պապուաշվիլիի, Միխեիլ Կղավելաշվիլիի և իշխանության այլ ներկայացուցիչների անդամների հուշահամալիր ժամանելը, ոստիկանությունը տարածքից հեռացրել է ակցիայի մասնակիցներին և պատվո պահակախումբ կանգնեցրել։
«Վրացական երազանք»-ի առաջնորդները լրատվամիջոցների համար մեկնաբանություններ չեն արել։