Դյուշենի մկանային դիստրոֆիա ունեցող երեխաներին աջակցող բողոքի երթ է անցկացվել

Դյուշենի մկանային դիստրոֆիայով հիվանդ երեխաների ծնողները բողոքի ակցիա են անցկացրել։ Նրանք երեկ հավաքվել են Ռուսթավելիի մետրոյի մոտ, որտեղից երթով շարժվել են դեպի Վրաստանի կառավարության շենք։

Ակցիայի մասնակիցները վանկարկել են. «Տվե՛ք դեղը երեխաներին։ Դե՛ղ երեխաներին։ Տվե՛ք երեխաներին դեղը», «Իսկ եթե նա քո՞ երեխան լիներ»։

Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում են Դյուշենի մկանային դիստրոֆիայով հիվանդ երեխաներին անհրաժեշտ դեղամիջոցը։ Ակցիայի մասնակիցները որպես խորհրդանիշ վեր են պարզել կարմիր փուչիկներ, նաև բողոքի պաստառներ։ Երթն ուղեկցվել է ոստիկանական խմբերով։

Լրագրողներին ծնողներից մեկը՝ Թակո Գոգալաձեն, հայտնել է, որ բողոքի ակցիաները կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ երեխաները չեն ստացել անհրաժեշտ դեղամիջոցը.

«Այս երթը նվիրված է Դյուշենի մկանային դիստրոֆիայով հիվանդ երեխաներին և այն պահանջին, որ արդեն երկու տարի մենք դեղամիջոց ենք խնդրում։ Սա այս երեխաների համար կենսական նշանակություն ունի, քանի որ հիվանդությունը մահացու է։ Մեր միակ և հստակ պահանջն է՝ երեխաներին ժամանակին տրվի դեղը, որպեսզի նրանց կյանքը երկարաձգվի։

Ամեն շաբաթ, ժամը 18:00-ից, մենք կհայտարարենք Դյուշենի մկանային դիստրոֆիա ունեցող երեխաների աջակցության երթի մասին։

Նաև ամեն երկուշաբթի, ժամը 17:00-ին, ակցիա կանցկացվի կառավարության շենքի մոտ։ Ակցիան կշարունակվի այնքան ժամանակ` մինչև մեր պահանջը բավարարվի, և երեխաները ստանան այն դեղամիջոցները, որոնց համար այսպես պայքարում ենք։ Երեխաներն ամենօրյա ռեժիմով սպասում են, որ իրենց վիճակը դեպի լավը կփոխվի»,- ասել է Թակո Գոգալաձեն։