Վրաստանի կառավարությունը կհիմնի Դիվանագիտության ակադեմիա

«Վրացական երազանք»-ի վարչապետ Իրակլի Կոբախիձեն կառավարության այսօրվա նիստում հայտարարել է Դիվանագիտության ակադեմիա հիմնելու մտադրության մասին։

Նրա խոսքով՝ ակադեմիան պատրաստելու է բարձր որակավորում ունեցող կադրեր դիվանագիտական ծառայության համար, իսկ արտաքին գործերի նախարարությունն օգնելու է ապահովել ուսուցման և հետազոտության բարձր որակ։

«Նախևառաջ ուզում եմ նշել, որ, ցավոք, պետական և մասնավոր համալսարանների համապատասխան ֆակուլտետներն այսօր ըստ էության չեն կարողանում ապահովել ապագա դիվանագետներին անհրաժեշտ գիտելիքների և հմտությունների պատշաճ փոխանցումը։ Վրաստանի դիվանագիտության ակադեմիան կպատրաստի բարձր որակավորում ունեցող կադրեր։ Համապատասխան նախարարությունը կնպաստի ուսուցման և հետազոտության բարձր որակի ապահովմանը։

Դուք գիտեք, որ նման ենթակայությամբ հաջողությամբ գործում են մի քանի բարձրագույն ուսումնական հաստատություններ, օրինակ՝ Վրաստանի պաշտպանության ակադեմիան, նաև ներքին գործերի նախարարության ակադեմիան, ստեղծվել է նաև անվտանգության ակադեմիա։ Հաշվի առնելով այս հաջող փորձը՝ կարծում ենք, որ Դիվանագիտության ակադեմիան նույնպես հաջողությամբ կիրականացնի իր շատ կարևոր գործառույթը։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել արտաքին գործերի նախարար Մակա Բոչորիշվիլիին և ողջ նախարարությանը՝ կատարելագործված հայեցակարգ մշակելու համար։

Հաջորդ տարվա սեպտեմբերից Դիվանագիտության ակադեմիան, հավատարմագրում անցնելուց հետո, հաջողությամբ կսկսի գործել։ Մեր խնդիրն է պատրաստել բարձր որակավորում ունեցող կադրեր մեր դիվանագիտական ծառայության համար, ինչը կարևոր է մեր երկրի արտաքին քաղաքական դիրքերի հետագա ամրապնդման համար»,- ասել է վարչապետը։