Վրաստանի կառավարության որոշմամբ՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակիցները միանվագ կստանան 2000 լարի, իսկ նույն պատերազմում զոհվածների ընտանիքների անդամները՝ 1000 լարի։
Ըստ հաղորդագրության` ֆինանսական օգնությունը կտրամադրվի Վետերանների գործերի պետական ծառայության վետերանների հաշվառման էլեկտրոնային տվյալների բազայում գրանցված Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակիցներին և պատերազմում զոհվածների ընտանիքների անդամներին։
Վրաստանի ողջ տարածքում (բացառությամբ Թբիլիսիի մունիցիպալիտետում գրանցված Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակիցների և զոհվածների ընտանիքների անդամների) միանվագ դրամական սոցիալական օգնության տրամադրումն ապահովում է Վրաստանի օկուպացված տարածքներից տեղահանվածների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական պաշտպանության նախարարության պետական վերահսկողության տակ գտնվող Սոցիալական ծառայությունների գործակալությունը։ Թբիլիսիում գրանցված մասնակիցների և զոհվածների ընտանիքների անդամների համար դրամական օգնության տրամադրման նպատակով համապատասխան միջոցների հատկացումն ապահովում է Թբիլիսիի քաղաքապետարանը։