Լրագրողների հավատարմագրման կանոնները խորհրդարանում խստացվել են

Վրաստանի խորհրդարանում լրատվամիջոցների ներկայացուցիչների հավատարմագրման կանոններում փոփոխություններ են կատարվել։ Տարածված տեղեկության համաձայն՝ նոր կարգավորումները մշակվել են Եվրոպական խորհրդարանի օրինակով։

Փոփոխությունների համաձայն՝ եթե հավատարմագրված լրագրողը կրկնակի խախտի սահմանված պահանջները, նրա հավատարմագրումը վաղաժամկետ կչեղարկվի։ Կախված խախտման ծանրությունից՝ մինչև 1 տարի ժամկետով կսահմանափակվի խորհրդարանի նախագահին նոր հավատարմագրման դիմում ներկայացնելու տվյալ լրատվամիջոցի կամ չհավատարմագրված լրագրողի իրավունքը։

Հավատարմագրման վաղաժամկետ չեղարկման հիմքերին ավելացել է նաև այն դեպքը, երբ լրատվամիջոցի գործունեությունն այլևս չի առնչվում խորհրդարանի աշխատանքների լուսաբանմանը։

Եվրախորհրդարանի փորձի հիման վրա կանոնակարգում ավելացել է նաև նոր կետ, ըստ որի՝ լրագրողը պարտավոր է պատշաճ հարգանք դրսևորել խորհրդարանի շենքում գտնվող բոլոր անձանց արժանապատվության ու անձնական տարածքի նկատմամբ, նաև խնամքով վերաբերվել խորհրդարանի գույքին։