Օտարերկրյա ուսանողների թիվը տարեկան կտրվածքով աճել է 20%-ով

Վրաստսնի վիճակագրության ազգային ծառայության հրապարակած տվյալներով` 2025-2026 ուսումնական տարում Վրաստանում ընդհանուր առմամբ սովորում է 44 հազար 440 օտարերկրյա ուսանող, մինչդեռ 2024-2025 ուսումնական տարում նրանց թիվը կազմում էր 37 հազար 125։

Ըստ նույն տվյալների` 2025-2026 ուսումնական տարում 36 հազար 895 օտարերկրյա ուսանող սովորում էր մասնավոր համալսարաններում, իսկ 7545-ը՝ պետական։

Օտարերկրյա ուսանողների 54%-ը բաժին է ընկնում Հնդկաստանին, հաջորդ հորիզոնականներում են Իսրայելը՝ 6%-ով, և Հորդանանը՝ 5.6%-ով։

Ներկայացնում ենք այն երկրները, որոնցից Վրաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններն ամենաշատ ուսանողներն ունեն.

 Հնդկաստան – 23 հազար 906

 Իսրայել – 2781

 Հորդանան – 2523

 Պակիստան – 2280

 Սուդան – 2211

 Լիբանան – 1511

 Եգիպտոս – 1172

 Միացյալ Թագավորություն – 1005

 Ադրբեջան – 896

 Ռուսաստան – 745

 Բանգլադեշ – 503

Նշենք, որ Ներկին գործերի նախարարության հեղինակությամբ մշակվել է «Օտարերկրացիների և քաղաքացիություն չունեցող անձանց իրավական կարգավիճակի մասին» օրենքում և դրանից բխող օրենսդրական ակտերում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը։

Նախարարության պարզաբանմամբ` գործող իրավական շրջանակը չի նախատեսում մանրամասն կարգավորումներ օտարերկրյա ուսանողների ուսումնառության վերաբերյալ։ Նրանց տեղեկություններով՝ պրակտիկայում լինում են դեպքեր, երբ օտարերկրյա քաղաքացին ձևականորեն հրամանագրվում է համալսարանում, սակայն իրականում նրա մասնակցությունն ուսումնական գործընթացին չի հաստատվում։