Amnesty International միջազգային կազմակերպությունը Վրաստանի վերաբերյալ զեկույց է հրապարակել «Բռնաճնշումների անատոմիա. բողոքի, ցրումների և դիմակայության 500 օր» վերնագրով: Զեկույցում, ի թիվս այլ հարցերի, խոսվում է ընդունված բռնաճնշումների (ռեպրեսիվ) օրենքների, նաև Վրաստանում մարդու իրավունքների խախտումների և քաղաքական հետապնդումների փաստերի մասին:
«Անկախության ձեռքբերումից ի վեր Վրաստանն ապրում է մարդու իրավունքների վիճակի ամենալուրջ վատթարացումների շրջանը: Կառավարող կուսակցությունն իշխանությունը պահպանելու համար ավելի ու ավելի հաճախ է դիմում ավտորիտար գործելաոճի:
Վերջին 3 տարիների ընթացքում Վրաստանի փորձը նախազգուշացնող օրինակ է այն բանի, թե ինչպես կարող են կառավարություններն արագորեն պետական ինստիտուտները վերածել բռնաճնշումների հզոր գործիքների՝ սեփական իշխանությունն ամրապնդելու նպատակով:
Վրաստանի իշխանությունն ապատեղեկատվությունը, ռեպրեսիվ օրենսդրությունը, ոստիկանության կիրառվող բռնությունն ու դատարանում տիրող անարդարությունը դարձրել է զենք՝ սեփական իշխանությանը սպառնացող հնարավոր վտանգներից պաշտպանվելու համար: Նրանք ստեղծել են մի համակարգ, որտեղ խաղաղ բողոքը դիտվում է որպես հանցագործություն, քաղաքացիական հասարակությունը հայտարարվում է պետության թշնամի, իսկ անկախ լրագրողները հայտնվում են հալածանքների, քրեական հետապնդումների և գոյատևման պայքարի ռեժիմում: Ոստիկանների կիրառած բռնության զոհերը չեն կարողանում արդարադատություն գտնել, և ընդհակառակը՝ հենց իրենք են ենթարկվում հետապնդումների»,- ասված է զեկույցում:
Կազմակերպության գնահատմամբ՝ իշխանությունը Վրաստանի դատական համակարգն օգտագործել է ցուցարարների դեմ դատախազության պահանջներն ավտոմատ կերպով բավարարելու և այնպիսի օրենքներ կիրառելու համար, որոնք սահմանափակում են արտահայտվելու ազատության և խաղաղ հավաքների իրավունքները: