«Ազգային շարժում» կուսակցության նախագահի պաշտոնակատար Թինա Բոկուչավան ասել է, որ դեռ չի որոշել՝ շարունակելո՞ւ է աշխատել նույն պաշտոնում երկրորդ ժամկետով, թե` ոչ։ Կուսակցությունում նախատեսված փոփոխությունների մասին նա խոսել է TV Pirveli-ի եթերում։
«Ես որոշում չեմ կայացրել՝ կստանձնե՞մ քաղաքական այս մեծ պատասխանատվությունը, թե՞ ոչ, և դա կախված է նրանից, թե որքան շատ բան կարող ենք անել կուսակցության ներսում, այդ թվում՝ քաղաքական խորհրդի նախագահ Լևան Խաբեշվիլիի հետ: Ես համարում եմ բացարձակապես անընդունելի, քաղաքականապես և էթիկապես անարդարացի՝ քաղաքական խորհուրդը բարեփոխել առանց խորհրդի քարտուղար Լևան Խաբեշվիլիի կարծիքը հարցնելու», — ասել է Թինա Բոկուչավան։
Լրագրողը նրան հարցրել է, թե գիտի՞, որ կուսակցության ազատազրկված հիմնադիր Միխեիլ Սաակաշվիլին Նանուկա Ժորժոլիանիին է առաջարկել նախագահի պաշտոնը։
«Նախագահ Սաակաշվիլիի հետ բանակցություններ են ընթանում շատ երկար ժամանակ, այդ թվում՝ իմ նախաձեռնությամբ, կուսակցությունում որոշակի փոփոխությունների անհրաժեշտության վերաբերյալ: Նախագահ Սաակաշվիլին ինքը ոչ մի տեղ սա չի գրել: Ես երբեք նման քննարկումների մեջ չեմ մտնում: Սա է իմ որդեգրած դիրքորոշումը։ Քաղաքական բամբասանքները երբեք իմ հետաքրքրությունների շրջանակում չեն եղել»:
Թինա Բոկուչավայի «Ազգային շարժում» կուսակցության նախագահության երկամյա ժամկետը լրանում է այս տարվա հուլիսի 8-ին: